Ադրբեջանը հերթական անգամ հանդես է գալիս ռազմաշունչ հայտարարությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ եթե Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները արդյունք չտան, ապա «Ադրբեջանը կօգտվի բոլոր հնարավորություններից տարածքային ամբողջականությոնը վերականգնելու համար, այդ թվում օգտագործելով բանակի ուժը»։

Սաֆար Աբիեւը հավելել է, որ «դրա համար զինված ուժերում լուրջ նախապատրաստական աշխատանք է տարվում»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարը այս հայտարարությունը արել է Չինաստան կատարած այցելության ընթացքում, Չինաստանի պաշտպանության նախարարի հետ կայացած հանդիպմանը։

Աբիեւը Չինաստան է այցելել հոկտեմբերի 25-29-ը։ Նա մի շարք հանդիպումներ է ունեցել, ինչպես նաեւ ծանոթացել է Չինաստանի ռազմական արդյունաբերության արտադրանքին: