Հոկտեմբերի 29-ի մամուլ

«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Այն, ինչ այս օրերին կատարվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային կոչվող հանձնաժողովում, դժվար է այլ կերպ անվանել, քան ծաղր հասարակության եւ միջազգային հանրության հասցեին: Տարիներ շարունակ էլեկտրոնային լրատվամիջոցների եւ ընդհանրապես` մամուլի դաշտն ազատականացնելու, պետական կառույցների ազդեցությունից զերծ պահելու, չվերահսկվող եւ հասարակական պահանջները բավարարող հեռուստատեսություն ստեղծելու պահանջներին մեր իշխանությունը վերաբերվել է ինչպես ռուսական հայտնի «Վասկա» կատուն, որը լսում էր ու շարունակում ուտել: Պարզվեց, որ միանգամայն անիմաստ են օրենքում փոփոխություններ կատարելու, տարբեր հանձնաժողովներ ստեղծելու, դրանց անդամների նշանակման կարգը փոխելու փորձերը: Ի վերջո, վճռական պահին, երբ որոշվում է, թե առաջիկա տարիներին ով է հայտնվելու հեռուստադաշտում, մեր իշխանությունը եւ նրա դրածո ամալյանները հմտորեն կառավարում են իրավիճակը»:

«ժամանակ» թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը հրահանգել է ճնշումներ գործադրել այն լրատվամիջոցների վրա, որոնք հաճախակի են անդրադառնում բանակում առկա խնդիրներին, տեղի ունեցած հանցագործություններին եւ ողբերգություններին: Թերթը բխեցնում է. - «Իշխանությունները, իհարկե, հերթական անգամ գնում են իրենց նախասիրած ճանապարհով եւ փորձում են փայտը բռնել հակառակ ծայրից` փոխանակ բանակում իրավիճակ փոխելու մասին մտածելու, փոխանակ բանակում խնդիրների եւ հանցագործությունների պատճառները վերացնելու, փորձ է արվում լռեցնել դրանց մասին խոսողներին: Սա միանգամայն հատուկ է Հայաստանի իշխանություններին թե' բանակի, թե' այլ ոլորտների դեպքում: Այդպիսին է իշխանությունների տրամաբանությունը եւ հենց այդ տրամաբանության զոհն են դառնում բանակ զորակոչված մեր պատանիներն ու երիտասարդները»:

«Հայոց Աշխարհ»-ը հետեւյալ հարցն է ուղղում Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանին (ՀՀԿ). «Որոշ քաղաքական ուժեր ջղագրգիռ արձագանքեցին ՀՀԿ ձեր գործընկերների հայտարարությանը, թե Հանրապետականը գալիք ընտրություններում մտադիր է ստանալ ընտրողների բացարձակ մեծամասնության աջակցությունը։ Սա ներկայացվեց որպես «նախանշան»` առ այն, որ ընտրությունները հաստատ կեղծվելու են»։ Նիկոյանը պատասխանում է. - «Հիշեցնեմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարն առաջինը հայտարարեց, որ ԲՀԿ-ն ձգտում է «50+1»-ի քվեին։ Եվ դա շատ բնական ու հասկանալի ցանկություն է։ Բայց երբ Հանրապետականն է հայտարարում, որ ձգտում է բացարձակ մեծամասնության, սա, չգիտես ինչու, անհանգստությամբ է ընդունվում որոշ քաղաքական ուժերի կողմից։ Այո, ձգտում ենք, եւ սա նաեւ որոշ քարոզչական տարր է պարունակում։ Ընդհանրապես ընտրություններին մասնակցող ցանկացած քաղաքական ուժ իր առջեւ որոշակի նշաձող է դնում, որին ձգտում է, ընդ որում` եթե բոլորի հայտարարած տոկոսները գումարում ես, ստացվում է 500 տոկոս։ Կարծում եմ` սրան նույնպես պետք է հանգիստ վերաբերվել։ Բայց եթե որեւէ մեկը` Հանրապետականը, «Բարգավաճը», «Օրինացը» կամ որեւէ այլ կուսակցություն, նախապես հայտարարում է` եթե ես այսքան ձայն չհավաքեմ, ընտրությունները կեղծված են, սա իսկապես մտահոգության տեղիք է տալիս»։

«Կապիտալ» թերթը գրում է. - «Պետական եկամուտների կոմիտեն երեկ հրապարակել է հարկ վճարող1000 խոշոր հարկատուների ցուցակը: Համեմատելով այս տարվա եւ անցած տարվա ինն ամիսներին առաջին 300 խոշոր հարկատուների կողմից վճարված ուղղակի հարկերի ցուցանիշները` կարելի է ենթադրել, որ նրանց գործերը գնալով վատանում են։ Այսպես, եթե ճգնաժամային 2009 թվականի առաջին ինն ամիսներին խոշոր հարկատուների` պետբյուջե վճարած հարկերի ծավալում 26 տոկոսը բաժին էր ընկնում ուղղակի հարկերին, այդ թվում` շահութահարկին եւ եկամտահարկին, ապա այս տարվա երեք եռամսյակների արդյունքով այդ ցուցանիշն արդեն կազմել է 22 տոկոս, իսկ ինն ամիսներին էլ ավելի է նվազել` կազմելով 21 տոկոս»։