Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հաստատում է Սարիբեկյանը մահը

Ադրբեջանական գերության մեջ մահացած Մանվել Սարիբեկյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրի ղեկավար Աշոտ Աստաբաթյանը, միջազգային կոմիտեն հաստատում է ադրբեջանական գերության մեջ Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահվան փաստը:
Աստաբաթյանը, սակայն, ընդգծեց, որ մինչեւ օրս կոմիտեի աշխատակիցները չեն տեսել Սարիբեկյանի մարմինը. - «Մենք մահվան փաստը հաստատում ենք, քանի որ ստացել ենք [Ադրբեջանի] իշխանություններից մահվան վկայականը»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հիշեցնենք, պնդում է, որ Մանվել Սարիբեկյանը հայ հետախույզ էր, գերեվարվել էր սեպտեմբերի 11-ին «Լեռնային Ղարաբաղի հյուսիսարեւելյան հատվածից հայկական ուժերի իրականացրած դիվերսիոն գործողության ընթացքում»: Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու զինդատախազությունը համատեղ հաղորդագրություն տարածեցին, թե` Սարիբեկյանը նախնական կալանքի վայրում ինքնասպանություն է գործել:

Հայկական կողմից, սակայն, հայտարարել են, որ Սարիբեկյանը զինծառայությունն ավարտել անցած տարվա մայիսին եւ որեւէ կապ չունի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ու հատուկ ծառայությունների հետ: Հայկական կողմը նաեւ կասկածի տակ է առնում Սարիբեկյանի ինքնասպանության վարկածը:

«Ադրբեջանական իշխանությունները Մանվել Սարիբեկյանի մահվան վկայականը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով փոխանցել են վերջինիս հարազատներին», - ասաց Աստաբաթյանը` հավելելով, որ կոմիտեն շարունակում է բանակցությունները Սարիբեկյանի մարմինը Հայաստան տեղափոխելու շուրջ:

2000 թվականից գործող Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ստացված փաստաթղթում Սարիբեկյանի մահվան պատճառ է նշվել «ասֆիկսիան» (շնչահեղձություն):

«Քանի որ հայտարարվել էր, որ բանտախցում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել, բնականաբար, այդ պատճառն է նշված», - ասաց նա` շարունակելով. - «Դիակը հայրենիք վերադառնալուց հետո անմիջապես մեր դատաբժշկական փորձաքննությունն է իրականացվելու»:

Մանվել Սարիբեկյան մորաքույրը` Էմմա Բալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ չի հավատում մահվան վկայականում գրվածին:

Ինչպես հայտնի է, երեկ Աստրախանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունում, մասնավորապես, նշված է, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են անհապաղ իրականացնել ռազմագերիների փոխանակում եւ զոհվածների մարմինների վերադարձ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Կարմի խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի նորանշանակ քարտուղար Դավիթ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե հայկական կողմը հուսով է, որ այդ հռչակագրից հետո Սարիբեկյանի մարմնի վերադարձման հարցը արագ կկարգավորվի: