Զվարթնոցում ձերբակալվել է հայազգի կիբերհանցագործը

Հայաստանի ոստիկանությունը հաղորդում է, որ հոկտեմբերի 26-ին Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, 1983 թվականին ծնված Գեորգի Ավանեսովը։
Ինտերպոլը հոկտեմբերի 1-ից Ավանեսովի նկատմամբ հետախուզում է հայտարարել: Երեւանում նրան տարել են ձերբակալվածների պահման վայր։

Ավանեսովը մեղադրվում է Նիդերլանդների քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով` կազմակերպված հանցավոր խմբավորման անդամակցելու, կիբերհանցավորության, փողերի լվացման համար:

«Ֆրանսպրես»-ը հաղորդում է, որ Նիդերլանդների դատախազության խնդրանքով Երեւանում ձերբակալված 27-ամյա հայազգի քաղաքացին կասկածվում է վիրուսային ցանց ստեղծելու մեջ: Օգտագործելով Նիդերլանդների LeaseWeb ինտերնետային կապ մատակարարող ընկերության 143 սերվերները, կիբերհանցագործը եվրոպական ամենախոշոր ինտերնետային կապ մատակարարող այս պրովայդերից աշխարհով մեկ ավելի քան 30 միլիոն համակարգիչների մեջ վիրուս է տարածել, գաղտնի ծրագրեր բեռնել, ֆինանսական ու բանկային տեղեկություններ է ներբեռնել։

Երկուշաբթի օրը Նիդերլանդներում համակարգչային 143 սերվերները անջատվել են։ LeaseWeb դեռ մի քանի ամիս առաջ զգացել էր, որ իր ցանցերը գաղտնի կառավարվում են, բայց հետաքննիչները հորդորել էին չանջատել սերվերները` հանցագործների հետքը չկորցնելու համար։

Նիդերլանդների դատախազության մամուլի խոսնակ Վիմ Դե Բրուին ասել է, որ Նիդերլանդները Հայաստանի հետ պայմանագիր չունի հանցագործների էկստրադիցիայի համար:

«Մենք քննարկել ենք կասկածյալին Հայաստանում դատելու հնարավորությունը», - ասել է Նիդերլանդների դատախազության մամուլի խոսնակը։