Ղարաբաղյան հերթական բանակցությունների նախաշեմին` հրադադարի գծում հայ զինծառայող է սպանվել

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հերթական եռակողմ բանակցություններն են այսօր կայանալու Աստրախանում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ:

Հանդիպումը նախաձեռնել է Դմիտրի Մեդվեդեւը:

Եռակողմ հանդիպման նախօրեին՝ երեկ կեսօրին, Ղարաբաղի Պաշտպանության բանակի եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման հետեւանքով զոհվել է 20-ամյա զինծառայող Հարութ Գրիգորյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտել է Աստրախանում կայանալիք հանդիպումից առաջ իրավիճակն ապակայունացնելու՝ Ադրբեջանի հերթական քայլը` հայտարարելով, որ «այս սադրանքների հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանական կողմը»: