Այսօր 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգության տարելիցն է

Հայաստան -- Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության արդյունքում զոհված վարչապետ Վազգեն Սարգսյանը (ձախից) եւ Ազգային ժողովի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, արխիվ

1999-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենքում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով սպանվեցին 8 պետական գործիչներ, այդ թվում` Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը:
Իշխող Հանրապետական կուսակցությունը եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը այսօր Եռաբլուրում ու Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք են մատուցում զոհերի հիշատակին:

Հիշատակման արարողություն է տեղի ունեցել նաեւ Ազգային ժողովի բակում՝ զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:

Արարողությանը ներկա էին Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը, եղբայրը` Արմեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանի, մյուս զոհերի այրիները:

«Ոճրագործություն, որ առաջին հերթին ոտձգություն էր ոչ միայն պետական քաղաքական ականավոր գործիչների կյանքի նկատմամբ, այլեւ` հարված պետականության ողնաշարին: Ողբերգական իրադարձությունների հետեւանքով կորցրեցինք պետության ու ժողովրդի նվիրյալ զավակների, ովքեր իրենց ապրած կյանքով ու գործունեությամբ ազնվորեն ծառայեցին երկրին ու հասարակությանը», - ասաց Հովիկ Աբրահամյանը` հավելելով. - «Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը, Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Լեոնարդ Պետրոսյանը մեր պետականության կայացման պատմության անբաժանելի մասն են»:

Նորանոր կասկածներ


Զոհվածների հարազատները 11 տարի անց էլ շարունակում են պնդել, որ հանցագործությունը բացահայտված չէ:

«Առայսօր Վազգենի բացակայությունը իմ, իմ ընտանիքի համար ակնհայտ ու բացարձակ է: Նույնը նաեւ Վազգենի բազմաթիվ ընկերների համար, բայց ոմանց համար էլ Վազգենի կորուստը նոր դռներ բացեց` ներքին ցանկություններին, նյութապաշտությանը հագուրդ տալու հնարավորություններ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը` հավելելով. - «Միայն այն փաստը, որ այդ օրը զոհվեց ոչ միայն Վազգենը, այլեւ Կարեն Դեմիրճյանը, Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ ու նախարարներ, խոսում է այն մասին, որ խնդիրը ուղղված չէր ինչ-որ մարդու դեմ. խնդիրն ուղղված էր ուժ ներկայացնող համակարգի դեմ, եւ դրա համար էր նաեւ Կարեն Դեմիրճյանի ուղղակի նպատակային սպանությունը»:

Հոկտեմբերի 27-ին սպանված Յուրի Բախշյանի տիկնոջ` ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի կարծիքով, այն մարդիկ, ովքեր ասում են, թե սպանությունները բացահայտվել են` «ավելի վնասում, հեղինակազրկում են պետությանը»:

«Արձանագրենք, որ 11 տարի առաջ երկիրը գլխատվեց, 11 տարի է պետության մեջ անպատժելիության մթնոլորտը շարունակում է ահագնանալ եւ հսկայական վնասներ է բերում երկրին», - հայտարարեց Անահիտ Բախշյանը:


Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը


1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի զինված ոճրախումբը, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, իրականացրեց աննախադեպ ահաբեկչություն ՝ գնդակահարելով 8 պետական գործիչների:

Ահաբեկչությանը զոհ դարձան Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը եւ վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին եւ նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի եւս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը զրուցել է զոհվածների շիրիմներին այցելած քաղաքական գործիչների ու զոհերի հարազատների հետ: