Հայ-ադրբեջանական սկանդալ Թեհրանում

Երեկ Թեհրանում մամուլի եւ զանգվածային լրատվամիջոցների փառատոնի մեկնարկից հետո հայերն ու ադրբեջանցիները ներքաշվել են սկանդալի մեջ։


APA լրատվական գործակալության փոխանցմամբ, հայերը դահլիճ են բերել Լեռնային Ղարաբաղի քարտեզը, հուշարձանների նկարները եւ, ինչպես գործակալությունն է չակերտներում գրում, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը»։

Ադրբեջանցիները առարկել եւ հայ լրագրողներից պահանջել են անմիջապես դուրս հանել դրանք։ Հայերը պահանջը մերժել են, ինչից հետո ադրբեջանցիները բողոքով դիմել են միջոցառման կազմակերպիչ իրանցիներին։

Հայ լրագրողներն ասել են, թե Լեռնային Ղարաբաղի պատմությանը վերաբերող նկարները եւ Արցախի խորհրդանիշ «Մենք եւ մեր սարերը» հայտնի հուշարձանի պատկերը հենց կազմակերպիչներն են փակցրել։ «Ուստի, մենք մտածեցինք, որ կարող ենք նաեւ Լեռնային Ղարաբաղի քարտեզն ու դրոշը տեղադրել», ասել են հայերը։

Իրանցի-կազմակերպիչներն, իրենց հերթին, ասել են, թե բոլոր նկարներն ու ցուցադրման համար նախատեսված այլ նյութերը հայկական կողմն է տրամադրել եւ նույնպես պահանջել են հայերից հանել այդ նկարները։ Ծագած վեճի ընթացքում ադրբեջանցի լրագրողներից մեկը հայերի տաղավարից պոկել է Լեռնային Ղարաբաղի դրոշը։

Ադրբեջանցիներին օգնության են եկել թուրք լրագրողները եւ սպառնացել ադրբեջանցի իրենց գործընկերների հետ լքել փառատոն-ցուցահանդեսը, եթե հայերը չկատարեն կազմակերպիչների պահանջը։

Մամուլի եւ զանգվածային լրատվամիջոցների 17-րդ միջազգային փառատոն-ցուցահանդեսը Իրանի մշակույթի նախարարությունն է կազմակերպել։ Փոխնախարար Մոհամադ-Ալի Ռամինը երեկ ասել է, որ Իրանն այս տարի ներկայացնում է 700 տաղավար եւ 2400 լրագրող, արտասահմանից այս միջոցառմանը մասնակցում է 55 երկիր ներկայացնող 250 լրագրող 175 լրատվամիջոցներից։

Հայաստանը ներկայացնում են PanARMENIAN.Net գործակալությունն ու «Ազգ» օրաթերթը։