Հայաստանի վարչապետը կհանդիպի Իրանի նախագահին

Երկօրյա պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կհանդիպի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի եւ խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ:

Կառավարության հաղորդագրության համաձայն, նախօրեին Տիգրան Սարգսյանը հանդիպել է Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցել են վարչապետի գլխավորած պատվիրակության անդամները։

Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում, իրագործվել եւ իրագործվում են մի շարք խոշոր տնտեսական ծրագրեր, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կազմում է տարեկան միջինը 200 միլիոն դոլար։ Հայաստանից Իրան հիմնականում արտահանվում են կենդանական ծագման մթերքներ, հանքահումքային ապրանքներ, իսկ Իրանից Հայաստան` վառելիք, պարարտանյութեր: