Հռոմի պապը մահմեդական երկրներին կոչ է արել հարգել դավանանքի ազատությունները

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը կիրակնօրա պատարագում Մերձավոր Արեւելքի հակամարտությունը արագ լուծելու կոչ է արել, ինչպես նաեւ մահմեդական երկրներին հորդորել է երաշխավորել կրոնական լիարժեք ազատություններ։

Անկայուն տարածաշրջանում շուտափույթ խաղաղություն է անհրաժեշտ, եւ անհրաժեշտ են պայմաններ արժանապատիվ կյանքի համար, ասել է Հռոմի պապը Սուրբ Պետրոսի տաճարում կիրակնօրյա արարողության ժամանակ` նշելով, որ «Մերձավոր Արեւելքի հակամարտությունը չափազանց երկար է շարունակվում՝ պատերազմներով, բռնություններով ու ահաբեկչություններով»։

Նա ասել է, որ դավանանքի ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է եւ տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր պետք է հարգի այն, միաժամանակ նշելով, որ մի շարք մահմեդական երկրներ խիստ սահմանափակում են քրիստոնեությունը։