Բացվեց Ազգային ժողովի նիստերի վերակառուցված դահլիճը

Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի
Այսօր պաշտոնապես բացվել է Հայաստանի Ազգային ժողովի նիստերի վերակառուցված դահլիճը: Արարողությանը մասնակցել են նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:

Պատգամավորներին շնորհավորելով ժամանակակից եւ հարմարավետ դահլիճի բացման կապակցությամբ` Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. - «Յուրաքանչյուր խորհրդարան կոչված է ներկայացնելու իր ժողովրդի կամքը, ընտրողների բոլոր շերտերը, նրանց շահերը, հույսերն ու իղձերը: Ընտրելով մեր հասարակական եւ քաղաքական կյանքի կազմակերպման ժողովրդավարական ճանապարհը` մենք եւս որդեգրել ենք հայտնի չափանիշներով առաջ շարժվելու ուղին: Անչափ կարեւորում եմ Հայաստանի ժողովրդի խորապես մտածված եւ կշռադատված այդ ընտրությունը: Այս ճանապարհին շատ բան արդեն արել ենք, սակայն դեռեւս ավելի շատ բան ունենք անելու»:

«Խորհրդարանն ունի ոչ միայն օրենսդիր առաքելություն, այլեւ կարեւորագույն դերակատարում իշխանությունների տարանջատման, հավասարակշռման գործում: Այս առումով, ուզում եմ նաեւ գոհունակությամբ արձանագրել, որ խորհրդարանը Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում գործադրի հետ կիսեց երկիրը ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս բերելու լուծը, վերցրեց եւ կրեց պատասխանատվության իր բաժինը», - հայտարարել է նախագահը:

«Ճգնաժամի փորձությանը դիմակայելու, բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու հավաքական ունակությունը չորրորդ գումարման Ազգային ժողովի կենսունակության եւ պետական համակարգում հայոց խորհրդարանի կարեւորագույն դերի լավագույն վկայությունն է: Ավելին` վերջին տարիների զարգացումներն ապացուցեցին սահմանադրական բարեփոխումների կարեւորությունը, փոփոխված Սահմանադրության կենսունակությունն ու փորձությունների առջեւ հայոց պետականության ամրությունը», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ասել է Սերժ Սարգսյանը: