Նալբանդյանը` Իրանի դեմ պատժամիջոցներին միանալու հարցի մասին

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները, իհարկե, պետք է հարգվեն ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների կողմից, ինչպես դա պահանջում է ՄԱԿ-ի կանոնադրությունը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով լրատվամիջոցների հարցին` արդյոք Հայաստանը միանո՞ւմ է Իրանի դեմ պատժամիջոցներին:

Միաժամանակ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է. - «Չենք կարծում, որ ուժային մեթոդներով կամ պատժամիջոցներով կարելի է լուծումներ գտնել: Հույս ունենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություններ եւ լուծումներ կգտնվեն բանակցությունների միջոցով` Իրանի եւ միջազգային հանրության համատեղ ջանքերով»:

«Իրանի հետ մենք ունենք դինամիկ զարգացող հարաբերություններ, լավ տնտեսական համագործակցություն, իրականացրել եւ շարունակում ենք իրականացնել տարբեր համատեղ ծրագրեր, հատկապես` էներգետիկ եւ տրանսպորտի բնագավառներում: Տեղի են ունենում ակտիվ շփումներ, փոխայցելություններ. վերջերս ես գտնվում էի Իրանում, ներկայումս պատրաստում ենք Հայաստանի վարչապետի այցելությունը Իրան, մի քանի օր առաջ Հայաստանում էր Իրանի խորհրդարանի նախագահ պարոն Լարիջանին», - արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ասել է Նալբանդյանը:

«Մեր հարաբերությունները փոխշահավետ են եւ մտադիր ենք դրանք զարգացնել», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը: