Մոսկովյան Դուման կորոշի Սոբյանինին քաղաքապետի պաշտոնում հաստատելու հարցը

Հինգշաբթի օրը Մոսկվայի քաղաքային Դումայի արտահերթ նստաշրջանում որոշվելու է Սերգեյ Սոբյանինին Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում հաստատելու հարցը։

Ռուսաստանի փոխվարչապետ, կառավարության աշխատակազմի ղեկավար Սոբյանինի թեկնածությունը մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Նախատեսվում է, որ մինչ հաստատվելը թեկնածուն ելույթ է ունենալու եւ պատասխանելու է քաղաքային Դումայի պատգամավորների հարցերին։

Վերջին օրերի ընթացքում Սոբյանինը արդեն հանդիպումներ է ունեցել Դումայում ներկայացված խմբերի հետ։

Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում Սոբյանինի հաստատվելու նախօրեին բարի կամք դրսեւորվեց ընդդիմության հանդեպ. քաղաքապետարանի կազմակերպչական բաժնի ներկայացուցիչը հայտարարեց, որ ընդդիմությանը թույլ կտան հոկտեմբերի 31-ին ակցիա անցկացնել Տրիումֆալնայա հրապարակում:

Նախկինում Մոսկվայի իշխանությունները միշտ մերժել են ընդդիմությանը այդ վայրում հանրահավաք անցկացնել, իսկ հավաքվածներին ոստիկանությունը ուժ կիրառելով ցրել է։