«Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովի հայաստանյան պատվիրակները քննադատում են Եվրոպայի խորհրդին

Your browser doesn’t support HTML5

Երեւանում անցկացվող «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովում այսօր քննարկումները ընթանում էին զուգահեռ աշխատանքային խմբերում եւ նվիրված էին ժողովրդավարության տարբեր ասպեկտներին:
Որքան էլ համաժողովի կազմակերպիչները ջանում էին կենտրոնանալ գլոբալ խնդիրների վրա` համաժողովին մասնակցող հայաստանյան քաղաքական ու հասարակական գործիչները անընդհատ փորձում են քննարկումները ուղղել դեպի Հայաստանին հուզող հարցերը:

Մասնավորապես, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սակունցը հայտարարեց, թե Եվրախորհուրդը «լրջորեն պետք է մտածի» Հայաստանի նման երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, ապա նաեւ կոնկրետ մեղադրանքներ հնչեցրեց Եվրոպայի խորհրդի հասցեին:

«Դուք հնարավորություն եք տալիս սնուցելու կոռուպցիան: Դուք` ձեր անտարբերությամբ եւ ոչ լիարժեք մոտեցմամբ, հնարավորություն եք տալիս դիկտատուրան ավելի խորանալու», - հայտարարեց Արթուր Սաքունցը. - «Եվրոպայի խորհրդի անդամ երկրում գոյություն ունեն քաղբանտարկյալնելր: Ինչպե՞ս կարելի է դա հանդուրժել»:

Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե շուրջ 1 տարի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ է, բայց արդեն հասցրել է հիասթափվել, քանի որ «միանշանակ է, որ ԵԽԽՎ-ի նպատակը քաղաքական որոշումներ կայացնելն է, այլ ոչ թե իր առաքելությունը իրականացնելը»:

«Մենք ունենք հերթական ընտրություններից հետո 10 զոհ, մենք ունենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում, երբ արտակարգ դրություն հայտարարվեց, օգտագործվեցին Հայաստանի Հանրապետության զինված ուժերը: [ԵԽԽՎ-ում] այդ մասին խոսվեց, բայց մինչ օրս չկա դրա պատասխանը եւ պատժամիջոցները», - նշեց պատգամավորը` եզրափակելով. - «Ես կխնդրեի, որպեսզի Եվրոպայի խորհուրդը, ունենալով կարողություններ, իրապես օգտագործի այդ կարողությունները, եւ մենք հնարավորություն կունենանք իրականում մի քայլ առաջ գնալ»:

Բավական ուշագրավ ելույթով հանդես եկավ Ռուսաստանում գործող Երիտասարդական իրավապաշտպան շարժման ներկայացուցիչ Դմիտրի Մակարովը: Նա Եվրոախորհրդի ներկայացուցիչներին մեղադրեց անգործության մեջ` օրինակ բերելով նախօրեին Երեւանի կենտրոնում կազմակերպված բողոքի ակցիան: Ըստ նրա` եվրոպական այդ կառույցը ունակ չէ լուծել Հայաստանում 2008-ի նախագահական ընտրություններից հետո ծագած խնդիրները:

Եվրոպացի պատվիրակները տարբեր կերպ արձագանքեցին ֆորումի մասնակից հայաստանցիների հնչեցրած գնահատականներին: Ոմանք ասում էին, որ Հայաստանի եւ մի շարք այլ երկրների հանդեպ հաճախ կիրառվում են երկակի չափանիշներ: Մյուսները պնդում էին, թե ծայրահեղ քայլից` երկրի նկատմամբ պատժամիջոցների կիրառումից, Եվրախորհուրդը խուսափում է` դրա այլընտրանքը չտեսնելու պատճառով:

«Եվրախորհուրդը ժամանակին ամենակոշտ պատժամիջոցներն է կիրառել Հունաստանի եւ Թուրքիայի նկատմամբ այդ երկրներում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումներից հետո: Սակայն հարցն այն է, թե որն է այլընտրանքը: Եթե մենք զրկում ենք երկրին Եվրախորհրդի անդամությունից, արդյո՞ք դրանից կփոխվի այդ երկրի վարքագիծը, ավելի շատ կհարգվեն մարդու իրավունքները», - հարցրեց բրիտանացի պատվիրակներից մեկը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը այսպես արձագանքեց Եվրախորհրդի հասցեին հայաստանյան պատվիրակների հնչեցրած քննադատությանը. - «Քաղաքականությունից դժգոհ են բոլորը: Ասված քննադատությունը, կարծում եմ, ճիշտ է` երկակի ստանդարտներ առկա են: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ այդ ինստիտուտի կարեւորությունը դա նսեմացնում է: Դրանք բացասական երեւույթներ են, որոնց դեմ պետք է պայքարել, եւ պայքարը անընդհատ գնում է»:

ժողովրդավարության եւ մարդու իրավունքներին վերաբերող երեւանյան համաժողովը կավարտվի վաղը` Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի ամփոփիչ խոսքով: