«Մարտի 1»-ի զոհերի հարազատները հույս ունեն Եվրախորհրդին ստիպել զբաղվել իրենց հարցով

Վառվող ոստիկանական մեքենա Երեւանի Գր. Լուսավորիչ փողոցում, 1-ը մարտի, 2008թ.

Մարտիմեկյան իրադարձությունների արդյունքում զոհվածների հարազատները այսօր Եվրախորհրդի երեւանյան գրասենյակում հանդիպեցին Եվրախորհրդի ժողովրդավարության եւ քաղաքական հարցերով տնօրինության ղեկավար Ժան Լուի Լորանի հետ:

Հանդիպումը լրագրողների համար փակ էր:

Հանդիպումից հետո զոհվածների հարազատները «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Ժան Լուի Լորանը հավաստիացրել է, թե մարտիմեկյան սպանությունների բացահայտման խնդիրը Եվրախորհրդի ուշադրության կենտրոնում է, Հայաստանը շարունակում է մնալ մոնիթորինգի տակ, եւ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե Եվրոպական կառույցները հետեւողականություն չեն ցուցաբերում այս հարցում:

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների 10 զոհերից 9-ի իրավահաջորդները այս տարվա սկզբին դիմել էին դատարան` բողոքարկելով Հատուկ քննչական ծառայության եւ դատախազության անգործությունը: Առաջին ատյանի դատարանը մերժել էր բողոքները, ինչից հետո զոհերի իրավահաջորդները դիմեցին Վերաքննիչ, այնուհետեւ՝ Վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ դատարանը քննության չի առել 9 բողոքներից 8-ը եւ վերադարձրել է դրանք, իսկ զոհված զինծառայող Տիգրան Աբգարյանի իրավահաջորդի բողոքի կապակցությամբ առայժմ որոշում չի կայացրել:

Մեջբերելով բողոքները մերժելու` դատարանների հիմնավորումը, թե` ընթանում է նախաքննություն, զոհերի հարազատները միաժամանակ փաստում էին, որ իրենց չեն հարցաքննում եւ հաղորդակից չեն դարձնում քննությանը: Այս ամենը պարբերաբար եվրոպացի պաշտոնյաներին ներկայացնելով` զոհերի հարազատները հույս ունեն ուշադրություն հրավիրել իրենց խնդրին:

«Պետք է այնքան մեր ձայնը բարձրացնենք, որ թեկուզ չուզենալով` այս համազեկուցողները մեր հարցով զբաղվեն: Իրենց կամքով, կարծում եմ, չեն զբաղվի, որովհետեւ այս 1,5 տարվա մեջ ես արդեն համոզվել եմ դրանում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մասնավորապես, ասաց «Մարտի 1»-ին զոհված Տիգրան Աբգարյանի մայրը` Ալա Հովհաննիսյանը: