Ղազախական դպրոցներում առաջարկվում է դասավանդել «նուրսուլթանոլոգիա»

Նուրսուլթան Նազարբաեւ

Չորեքշաբթի օրը Ալմաթիում տեղի ունեցավ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի մանկությանը նվիրված գրքի շնորհանդեսը։

Գրքի հեղինակ Սադուակաս Էսիմբայը Նազարբաեւի համադասարանցին է եղել Ալմաթիի միջնական դպրոցում։ Նա ասում է, թե այսօրվա ղազախ երեխաները պետք է ձգտեն նմանվել իր գրքի հերոսին` պատանի Նուրսուլթանին։

«Ուշքոնուր. Իմ ոսկե օրորոց» գիրքը պատմում է Նազարբաեւի մանկական ու դպրոցական տարիների մասին, պատմում է այն մարդկանց մասին, որոնք շրջապատում էին երկրի ապագա նախագահին։

Հեղինակը, սակայն, հերքում է քննադատությունները, թե իր գիրքը Նազարբաեւին մեծարող հերթական հրապարակումն է։

«Այստեղ որեւէ քծնանք չկա», - ասում է Էսիմբայը «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայության թղթակցին։

Հեղինակը ղեկավարում է «Քուրդասար» կոչվող ֆոնդը, որն էլ ֆինանսավորել է գրքի հրատարակությունը։ Գիրքը հրատարակվել է երեք լեզուներով` ղազախերեն, ռուսերեն եւ անգլերեն։

Սադուակաս Էսիմբայը, սակայն, գտնում է, որ Ղազախստանի նախագահի մասին գիրք գրելը բավարար չէ` անհրաժեշտ է նաեւ ուսումնասիրել «նուրսուլթանոլոգիան»։ Ղազախ գրողը առաջարկում է «նուրսուլթանոլոգիան» իբրեւ առարկա դասավանդել միջնակարգ դպրոցներում։ «Նուրսուլթանոլոգիան» գիտություն է մարդկային այն որակների մասին, որոնք հնարավորություն են տվել համեստ Նազարբաեւին հասարակ մարդուց դառնալ համաշխարհային լիդեր», - ասում է ղազախ հեղինակը։