Համանախագահները նոյեմբերի սկզբին այցելելու են տարածաշրջան

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի սկզբին հերթական այցով կժամանեն տարածաշրջան, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով` մինչ այդ միջնորդները ԵԱՀԿ-ին եւ հակամարտության կողմերին ներքին հաշվետվություն կներկայացնեն հոկտեմբերի 7-13-ը Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում իրականացված Դաշտային առաքելության արդյունքների մասին:

Տարածաշրջան սպասվող այցի ընթացքում միջնորդները կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ:

Ակնկալվում է, որ համանախագահները կառաջարկեն նաեւ կազմակերպել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նստաշրջանի շրջանակներում, որ տեղի է ունենալու Ստրասբուրգում նոյեմբերի 10-ին, հաղորդում է ադրբեջանական գործակալությունը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղակատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ նախարար Էդվարդ Նալբանդյանի բոլոր հանդիպումների եւ այցերի մասին պատշաճ ժամկետներում կտեղեկացնեն: