Ֆրանսիայում ընդհարումներ են տեղի ունեցել ոստիկանների եւ ուսանողների միջեւ

Ֆրանսիայում ընդհարումներ են տեղի ունեցել ոստիկանների ու ուսանողների միջեւ, որոնք միացել են երկրով մեկ անցկացվող սոցիալական բնույթի բողոքի ակցիաներին ու գործադուլներին։

Ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել ուսանողների դեմ, վերջիններս քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ ու մեքենա հրկիզել։

Ֆրանսիայի շուրջ 200 քաղաքներում հանրահավաքներ ու պիկետներ են անցկացվում` բողոքելով թոշակի անցնելու տարիքը բարձրացնելու կառավարության որոշման դեմ։ Ըստ փոփոխությունների` թոշակի անցնելու տարիքը 60-ի փոխարեն սահմանվում է 62-ը։

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ չի հրաժարվելու սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրից։

Նախատեսվում է, որ օրինագիծը առաջիկա օրերին քվեարկության է դրվելու Սենատում։