Հայաստանի արտգործնախարարը ընդունել է սերբ պաշտոնակցին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Սերբիայի արտգործնախարար Վուկ Յերեմիչին, ով Երեւանում է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումին մասնակցելու նպատակով:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի` անցյալ տարի կատարած այցելությունը Հայաստան, այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կարեւոր քայլ էին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Նախարարները կարեւորել են երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար բնագավառներում համագործակցության ընդլայնման նպատակով իրականացվելիք քայլերը:

Յերեմիչը ներկայացրել է Կոսովոյի հիմնախնդրին առնչվող զարգացումները:

Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին` Նալբանդյանը նշել է, որ միջազգային հանրությունը` ի դեմս ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների, ջանքեր է գործադրում հակամարտությունը լուծելու ուղղությամբ, սակայն միջնորդների առաջարկությունները մերժող ադրբեջանական դիրքորոշման պատճառով չի հաջողվում լուրջ առաջընթաց արձանագրել բանակցություններում:

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ: