Հայաստանի ՊՆ. «Կձեռնարկվեն ադրբեջանցի դիպուկահարների գործունեությունը չեզոքացնելու միջոցառումներ»

Հայաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդագրություն է տարածել ղարաբաղա - ադրբեջանական շփման գծում զինծառայող Վիտալի Իգիթյանի սպանության կապակցությամբ, որում «խստորեն դատապարտում է դիպուկահարների միջոցով հայ - ադրբեջանական շփման գծում իրադրությունը սրելու Ադրբեջանի արկածախնդրությունը»:

«Ադրբեջանի նման գործողությունները, որոնք իրականացվում են հակամարտության գոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անցկացրած դիտորդական առաքելությունից անմիջապես հետո, ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն չի հետեւում շփման գծից դիպուկահարներին հեռացնելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հորդորներին, այլեւ անտեսում է ադրբեջանցի դիպուկահարների կողմից նախկինում պատճառված զոհերի կապակցությամբ ԵԱՀԿ գործող նախագահի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունները` փորձելով ձախողել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային հանրության ջանքերը», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ «ձեռնարկվելու են ռազմադիվանագիտական եւ ռազմական համապատասխան միջոցառումներ` հայ - ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների գործունեությունը չեզոքացնելու համար»:

Նախարարությունը խորապես ցավակցում է Վիտալի Իգիթյանի հարազատներին: