Մանոյանը դրական է գնահատում ՀՅԴ-ի մասնակցությունը Բաքվում Սոցինտերնի համաժողովին

Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը դրական է գնահատում կուսակցության մասնակցությունը Բաքվում այսօր ավարտված Սոցինտերնի համաժողովին:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մանոյանը փոխանցեց, որ համաժողովի օրակարգային հարցերին մեկը եղել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման հարցը, որի շրջանակներում կենտրոնական է դիտարկվել Ղարաբաղի հարցը եւ որին անդրադարձել են տարբեր երկրների ներկայացուցիչներ:

«Օրինակ, մեկ շեշտադրում կար Բելառուսից, որ սա միայն Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին չի վերաբերում. սա բոլորիս է վերաբերում, որովհետեւ այս տարածաշրջանում այս հարցի կարգավորումը կբերի նոր հնարավորություններ բոլորին», - ասաց Մանոյանը:

Սոցինտերնին մաս կազմող եւ Ադրբեջանը ներկայացնող ընդդիմադիր պատվիրակներն ասել են, որ իրենք իշխանության հետ ունեն տարաձայնություններ, բայց միանգամայն համակարծիք են Ղարաբաղի հարցում:

Արազ Ալիզադեն (Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն), օրինակ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասել է, թե իրենք ցույց տվեցին, որ «կարող են խոսել, երկխոսություն անցկացնել, բայց իրենց հողեը որեւէ մեկին չեն տալու»:

Ղարաբաղյան բանակցությունների վերաբերող հարցին ՀՅԴ ղեկավար անդամը պատասխանեց. - «Բանակցությունների հիմնական նպատակը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը: Եվ, եթե փոխզիջումներ պետք է լինեն, այդ փոխզիջումները պետք է լինեն համահավասար, համաչափ, միաժամանակյա»: