Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում Հայաստանի համար «ոչ բարենպաստ զարգացումներ» է կանխատեսում

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան

Ընդգծելով, որ հաջորդ տարվա հունվարից Եվրախորհրդի նախարարների կոմիտեում նախագահելու է Թուրքիան` ի դեմս արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը միջազգային այս կառույցում Հայաստանի համար ոչ բարենպաստ զարգացումներ է կանխատեսում:
Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի կանխատեսմամբ` Ահմեդ Դավութօղլուն եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի գործող նախագահ Մեւլութ Չավուշօղլուն փորձելու են հնարավորինս օգտագործել իրենց ընձեռված այս հնարավորությունը` ի վնաս Հայաստանի քաղաքականություն իրականացնելու համար: Դրան դիմակայելու համար, ըստ ընդդիմադիր պատգամավորի, անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանությունները ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնեն երկրի ներսում:

«Գոնե մի քանի խնդիրներ կան, որոնք լուծելու հնարավորություն իշխանությունը ունի: Ամենակարեւոր խնդիրներից մեկը` քաղաքական հայացքների համար բանտախցում անձինք չունենալն է», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Փոստանջյանը:

Ինչ վերաբերում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում սպասվող զարգացումներին` պատգամավորի կարծիքով մինչեւ հունվար ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով զեկույցներ չեն ընդունվի, քանի որ Եվրոպական ժողովրդավարական խմբակցությունը պետք է առաջադրի Հայաստանի հարցով նոր համազեկուցողի թեկնածություն` պատգամավորական մանդատը կորցրած Գորան Լինդբլադի փոխարեն: