Մեկնարկել է Սլովենիայի նախագահի պաշտոնական այցը Հայաստան

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 10-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովենիայի Հանրապետության նախագահ Դանիլո Թյիրկը, տիկնոջ` Բարբարա Միկլիչ Թյիրկի հետ:

Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դանիլո Թյիրկի առանձնազրույցն ու նախագահների մասնակցությամբ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, ընդլյանված կազմով հանդիպմանը հաջորդել է երկու երկրների կառավարությունների միջեւ փաստաթղթերի ստորագրման արարողությունը. Սլովենիայի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները համաձայնագրեր են ստորագրել եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու, տնտեսական համագործակցության, դիվանագիտական անձնագիր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին, իսկ ՀՀ մշակույթի նախարարը Սլովենիայի արտգործնախարարի հետ ստորագրել է կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր:

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը, հայ-սլովենական մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը մեծապես նպաստելու, հայ մշակույթը Սլովենիայում լայնորեն ներկայացնելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար, Միտյա Ռոտովնիկին պարգեւատրել է Մովսես Խորենացու մեդալով:

Այնուհետեւ Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դանիլո Թյիրկը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: