Հայաստանում է Իրանի խորհրդարանի նախագահը

Ուրբաթ օրը երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակությունը:

Ազգային ժողովում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների նախագահների առանձնազրույցը, որի ժամանակ Հովիկ Աբրահամյանը եւ Ալի Լարիջանին փաստել են երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները եւ նշել, որ հայ - իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդմանը: Նրանք կարեւորել են տնտեսական գործակցության ակտիվացումը եւ կոնկրետ ծրագրերի իրականացումը, անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին:

Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է խաղաղ ապրել հարեւանների հետ, եւ խնդիրները պետք է լուծել բանակցությունների միջոցով: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Ազգային ժողովի նախագահի խոսքերով, պետք է կարգավորվի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում, եւ շատ կարեւոր է Ղարաբաղի իշխանություններին ներգրավել բանակցություններում: Նա շնորհակալություն է հայտնել Ղարաբաղի հարցում Իրանի իշխանությունների անկողմնակալ դիրքորոշման համար:

Լարիջանին նշել է, որ խնդիրը պետք է լուծվի երկուստեք ընդունելի տարբերակով:

Անդրադարձ է եղել նաեւ հայ - թուրքական հարաբերություններին:

Ալի Լարիջանիի գնահատմամբ` Իրանի եւ Հայաստանի համագործակցությունը կարող է հաջողված կամուրջ լինել տարածաշրջանի զարգացման եւ առաջընթացի համար:

Հովիկ Աբրահամյանը ասել է, որ Իրանը բարեկամ երկիր է Հայաստանի համար, եւ ամեն ինչ կարվի, որ Իրանի հետ հարաբերություններն ավելի զարգանան: