Ըստ Արզումանյանի` Ադրբեջանը փորձում է փոխել ղարաբաղյան կարգավորման բանակցությունների տրամաբանությունը

Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարեւորեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագծի առկայությունը Ազգային ժողովի օրակարգում` չբացառելով, որ կարող է գալ այնպիսի պահ, երբ անհրաժեշտ լինի ճանաչել Լեռնային Ղարաբաղը:
«Այս պահին ես էլ գտնում եմ, որ, հավանաբար, պետք չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Դա կարող է խոչընդոտել խաղաղ գործընթացին, սակայն օրակարգում պահելը դա լծակներից մեկն է, որը պետք է օգտագործել: Թող մնա օրակարգում, քննարկումներ գնան ի ցույց ամբողջ աշխարհի, որ Հայաստանը լրջորեն քննարկում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հնարավորությունը», - նշեց Արզումանյանը` հավելելով, որ բանակցությունները շարունակվում են 16 տարի եւ որեւէ առաջխաղացում չկա. - «Չեմ բացառում, որ կարող է այնպիսի պահ լինի, որ անհրաժեշտ լինի ճանաչել Ղարաբաղի անկախությունը», - հավելեց նա:

Անդրադառնալով երեկ մեկնարկած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների դաշտային փաստահավաք առաքելությանը Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ` Ալեքսանդր Արզումանյանը կարծիք հայտնեց, որ հայկական կողմը չպետք է թույլատրեր համանախագահներին իրականացնել առաքելությունը, եթե նրանց կողմից անտեսվում են Գետաշենը, Շահումյանը, Մարտակերտի եւ Մարտունու այն շրջանները, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:

«Դա պարտադիր պայման պետք է լիներ, եւ շատ ողջունելի էր, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը անմիջապես նման նախաձեռնությամբ հանդես եկավ, սակայն անհասկանալի է այն ոչ հետեւողական մոտեցումը, որը ցուցաբերվեց: Այսինքն` Հայաստանը համաձայնություն տվել էր ի սկզբանե` առանց նույնիսկ հաշվի առնելու Ղարաբաղի հարցը եւ բարձրացնելու այդ կարեւորագույն խնդիրը», - նշեց նախկին արտգործնախարարը:

Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ դաշտային առաքելության վերաբերյալ կողմերի միջեւ վաղուց ձեռք բերված համաձայնության մասին հայտարարել են եւ համանախագահողները, եւ ՄԱԿ-ում Ադրբեջանի պատվիրակությունը, երբ սեպտեմբերի 9-ին Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի օրակարգից հանեցին «Միջազգային հումանիտար իրավունքի եւ միջազգային ստանդարտների պահպանումը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» կոչվող բանաձեւի նախագիծը:

Չնայած Հայաստանի արտգործնախարարության այն հավաստիացումներին, որ այս բանաձեւի նախագծի քննարկումը հետաձգելը որեւէ կապ չունի մեկնարկած դաշտային առաքելության հետ, նախկին արտգործնախարարը շարունակում է կապ տեսնել` ընդգծելով, որ այս առաքելությունը Ադրբեջանի բանաձեւի կարեւոր պահանջներից մեկն էր, եւ դաշտային առաքելության ավարտից եւ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովից հետո նախագիծը ՄԱԿ-ում քննարկվելու է:

«Ադրբեջանի նպատակն է ընդհանրապես տարբեր ֆորումներում այս հարցը արծարծելով փոխել բանակցային գործընթացի տրամաբանությունը», - կարծիք հայտնեց Արզումանյանը. - «Այսինքն, նրանք հասան նրան, որ այդ տարածքները կոչվում են գրավյալ տարածքներ, եւ առաքելության ֆունկցիան է գրավյալ տարածքներում իրավիճակն ուսումնասիրել: Հեռու չէ այն օրը, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները նույնպես կօգտագործեն գրավյալ տարածքներ բառակապակցությունները»: