Շախմատային սկանդալ Ադրբեջանում` կապված Կասպարովի անվան հետ

Գարի Կասպարով

Ադրբեջանցի շախմատիստ Վուգար Հաշիմովը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հարցազրույց է տվել` պարզաբանելով իր եւ հայազգի շախմատիստ Գարի Կասպարովի շուրջ ստեղծված սկանդալը:
Իսկ պատմությունը, որ վերջին օրերին զբաղեցնում է շախմատային հասարակության ուշադրությունը, սկսվել է, երբ Ադրբեջանի շախմատի տղամարդկանց հավաքականը ռուսաստանյան Խանտիմանսիյսկ քաղաք` 39-րդ շախմատային օլիմպիադային մասնակցելու է մեկնել առանց առաջատար շախմատիստ Վուգար Հաշիմովի, ով Ադրբեջանի եռակի չեմպիոն է եւ ում շնորհիվ է 2009 թվականին Ադրբեջանի թիմը Եվրոպայի չեմպիոն հռչակվել:

Օլիմպիադայում Ադրբեջանի հավաքականը գրավեց 12-րդ տեղը` չնայած հավակնում էր ավելի բարձր տեղերի: Նման վատ արդյունքը հավաքականի անդամներն ու արդեն հրաժարական ներկայացրած ղեկավար Զուրաբ Ազմայպարաշվիլին կապում են հենց Հաշիմովի բացակայության հետ:

Թե ինչու Հաշիմովը չի ընդգրկվել Ադրբեջանի հավաքականի կազմում` տարբեր պատճառներ են նշվում, այդ թվում եւ այն, որ Հաշիմովը խաղում է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի անունը կրող իսպանական շախմատային ակումբում:

Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության նախարար Ազադ Ռահիմոնովը իր հարցազրույցներում դատապարտել է Վուգար Հաշիմովի ելույթները «Կասպարով - Մարկոտե» կոչվող իսպանական ակումբում եւ հայտարարել, թե Հաշիմովը չպետք է հանդես գար հայազգի շախմատիստի անունը կրող ակումբում:

Ինքը Հաշիմովը այս պնդումները մեկնաբանելու խնդրանքին արձագանքել է. - «Բոլորը գիտեն, որ դա Կասպարովի թիմը չէ,
Վուգար Հաշիմով պարզապես Ֆերնանդո Մարկոտեն հրավիրել է Կասպարովին իր թիմ որպես բրենդ: Այսինքն` միայն Կասպարովի անունն է օգտագործվում թիմում: Մի քանի տարի առաջ Մարկոտեն մահացավ, բայց նրա կողմից առաջարկված Կասպարովի անունը այդպես էլ մնաց: Հետո թիմը դարձավ Իսպանիայի չեմպիոն, եւ դրանից հետո ոչ ոք չցանկացավ փոխել ակումբի անունը»:

Իսկ թե որոնք են 39-րդ շախմատային օլիմպիադային իր չմասնակցելու պատճառները` Հաշիմովը նշել է. - «Անկեղծ ասած, ինձ համար եւս պատճառները պարզ չեն: Ես գիտեմ, որ այդ թեմայով բազմաթիվ շահարկումներ են արվում, սակայն դրանք բոլորը անհիմն են: Ոչ ոք ինձ ոչ մի տեղ չի հրավիրել, սակայն ես ինքս էլ չեմ հրաժարվել հավաքականում հանդես գալուց»:

Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության նախարարությունն ու Շախմատի ֆեդերացիան Հաշիմովին են մեղադրում` նշելով, թե բազմիցս փորձել են կապ հաստատել նրա հետ, սակայն շախմատիստը չի պատասխանել, ինչից հետո էլ նա հանվել է Ադրբեջանի շախմատի հավաքականի կազմից եւ չի մասնակցել օլիմպիադային: