Հայաստանի արտգործնախարարը «զարհուրելի» է որակում ադրբեջանական բանտում Սարիբեկյանի մահը

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չորեքշաբթի օրը դատապարտել է ադրբեջանական կալանավայրում Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահը` դա որակելով «զարհուրելի»:

«Այս ոճը բնորոշ է հայտնի ահաբեկիչներին, որոնք սկզբում պատանդին տեսախցիկի առջեւ նվաստացնում են եւ հետո սպանում», - Ազգային ժողովի ամբիոնից չորեքշաբթի օրը հայտարարեց Նալբանդյանը` շարունակելով. -«Քնած մարդկանց կացնահարողներին, գերիներին սպանողներին, մշակութային ժառանգությունը շարունակականորեն ոչնչացնողներին հրահրողներն ու հերոսացնողները փորձում են միջազգային տարբեր ատյաններում, ՄԱԿ-ի ամբիոններից հումանիտար իրավունքի մասին խոսել: Գուցե հումանիտար բառը իրենց համար ա՞յլ նշանակություն ունի»:

«Ակնհայտ է, որ այս միջնադարյան ոճով 21-րդ դարում որեւէ հարց չես լուծի», - եզրափակեց Էդվարդ Նալբանդյանը:

Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանին գերի վերցնելուց հետո պաշտոնական Բաքուն պնդում էր, թե նա հետախույզ էր:

Հայկական կողմը հայտարարում է, որ Սարիբեկյանը որեւէ կապ չի ունեցել հատուկ ծառայությունների հետ:

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Ադրբեջանի իշխանությունները Կարմիր խաչի ներկայացուցիչներին այդպես էլ հնարավորություն չեն տվել հանդիպել Սարիբեկյանին:

«Մենք տեղեկացվել էինք նրա գերեվարման մասին: Մեր կոնֆիդենցիալ երկխոսությունը [Ադրբեջանի] իշխանությունների հետ շարունակվում էր` նրան այցելելու նպատակով: Բայց մենք նրան չենք այցելել, որովհետեւ մինչեւ նրա մահվան պահը մենք թուլտվություն չէինք ստացել նրան այցելելու», - «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի օրը ասաց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբաթյանը:

Հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեին կոչ են անում նպաստել, որպեսզի բացահայտվեն Սարիբեկյանի մահվան հանգամանքները:

Ըստ Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանի, այն, որ Բաքուն թույլ չի տվել երիտասարդին հանդիպել կենդանության օրոք, արդեն կասկածի տեղիք է տալիս, որ Սարիբեկյանը խոշտանգումների է ենթարկվել:

«Որովհետեւ Կարմիր խաչը հանդիպում է գերիների հետ առանց պայմանի: Եթե չէ` ուրեմն Ադրբեջանի իշխանությունները իրոք թաքցնելու բան ունեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստարկեց Դանիելյանը` շարունակելով. - «Կարմիր խաչը պարտավոր է հետաքննություն անցկացնել եւ պարզել բոլոր մանրամասները»:

Միքայել Դանիելյանը փոխանցեց նաեւ, որ նամակ է հասցեագրել ադրբեջանցի իր գործընկերներին, որոնք անդամակցում են Հարավկովկասյան իրավապաշտպան ցանցին:

«Իրավապաշտպանները պետք է ամեն ինչ անեն, որ բացահայտեն իրական պատկերը, իսկ միջազգային հանրությունը պիտի օգնի, որովհետեւ Ադրբեջանի իշխանությունները միանշանակ կոծկելու են այդ դեպքը», - հայտարարեց Միքայել Դանիելյանը: