Զինծառայողները պարգեւատրվել են մարտական հենակետում ցուցաբերած խիզախության համար

Մարտական հենակետում ցուցաբերած խիզախության համար երեք զինծառայողներ այսօր պարգեւատրվել են Հայաստանի պաշտպանության նախարարության գերատեսչական «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» եւ «Դրաստամատ Կանայան» մեդալներով:

Նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել գումարտակի հրամանատար, մայոր Գեւորգ Գրիգորյանին, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Տիգրան Գեղամյանին եւ պայմանագրային զինծառայող, շարքային Սոս Քեշիշյանին` ցուցաբերած կամքի եւ խիզախության, բարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու համար:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունը չի մանրամասնում այն հանգամանքները, որոնցում դրսեւորած խիզախության համար պարգեւատրվել են երեք զինծառայողները: