Կլիմայի փոփոխության հարցերով «գաղափարների տոնավաճառ»` Հայաստանի ԳԱԱ-ում

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում իր աշխատանքը կսկսի բնապահպանությանը եւ կլիմայի փոփոխությանը նվիրված միջազգային միջոցառում, որն ընդունված է անվանել «գաղափարների տոնավաճառ»:

Եվրահանձնաժողովի կողմից աջակցվող միջոցառմանը մասնակցելու են շուրջ 90 գիտնականներ Հայաստանից, Բելգիայից, Գերմանիայից, Իռլանդիայից, Իտալիայից, Իսրայելից, Լեհաստանից, Ռումինիայից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից եւ միջինասիական երկրներից:

Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդագրության համաձայն` սա առաջին միջոցառումն է Հայաստանում, որի հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել բնապահպանության ոլորտի գիտնականներին` քննարկելու Եվրամիության, ԱՊՀ-ի եւ տարածաշրջանային երկրների գիտնականների հետ համագործակցության հաստատման հնարավորությունները: Կքննարկվեն նաեւ համատեղ նախագծեր նախապատրաստելու եւ 2011 թվականի բաց մրցույթին ներկայացնելու հնարավորությունները:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Հրավիրված են նաեւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը, Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: