Փաստահավաք առաքելությունը ԼՂ հարակից տարածքներ կայցելի հոկտեմբերի 7-ին

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ (ձախից` աջ) Իգոր Պոպով, Ռոբերտ Բրադկե եւ Բեռնար Ֆասիե:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկացմամբ` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների փաստահավաք առաքելությունը դեռ չի ժամանել Ղարաբաղի հարակից շրջաններ:
Լեռնային Ղարաբաղի Արտգործնախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են, որ առաքելությունը այդ տարածքներ կայցելի, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 7-ին: Իսկ հոկտեմբերի 6-ին, ինչպես այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը, համանախագահները կլինեն Հայաստանում:

Նշելով, որ դաշտային առաքելությունը եռանախագահների առաքելություն է` Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ այն որեւէ առնչություն չունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի նախագծի քննարկումը հետաձգելու հետ:

«Սա եռանախագահների առաքելություն է: ՄԱԿ-ի միայն մեկ կառույցից` Փախստականների գրասենյակից մեկ-երկու հոգի` որպես էքսպերտներ, փորձագետներ, տեխնիկական փորձագետներ, ուղեկցելու են եռանախագահներին եւ իրենց օգնականներին: ՄԱԿ-ի այլ որեւէ կառույց որեւէ առնչություն չունի այս առաքելության հետ», - երկուշաբթի օրը կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Նա հավելեց, որ առաքելությունն ուսումնասիրելու է այդ տարածաշրջանում ընդհանուր կացությունը:

«Դուք գիտեք, որ եռանախագահներից երկուսը նոր են նշանակված եւ չեն եղել այս տարածաշրջանում, մանրամասն տեղյակ չեն իրավիճակին եւ օգտագործելու են այս առիթը, որպեսզի ծանոթանան տեղում նաեւ իրավիճակին», - նշեց Նալբանդյանը:

Պաշտոնական Ստեփանակերտը եւս այն կարծիքին է, որ Փաստահավաք առաքելությունը առնչություն չունի Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի հետ: «Ուղղակի Ադրբեջանը զբաղվում է քաղաքական շահարկումներով, մանիպուլյացիաներով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Ղարաբաղյան կողմը շարունակում է պնդել, որ նմանատիպ առաքելություն պետք է իրականացվի նաեւ Գետաշենում, Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու այն հատվածներում, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: «Իհարկե, սա մեր համոզմունքն է, սա մեր պայմանն է», - ընդգծեց Բաբայանը` կարծիք հայտնելով, որ դրանից Ղարաբաղը կշահի:

Ղարաբաղի արտգործնախարարության խոսնակ Մարսել Պետրոսյանը կարծիք հայտնեց, թե այս առաքելության օգուտն ու վնասը «հետո կպարզվի»:

«Մենք չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի, ինչպես կլինի: Ժամանակը ցույց կտա», - ասաց Պետրոսյանը:

Հայաստանի իշխող քաղաքական ուժերը դաշտային առաքելության մեջ վտանգ չեն տեսնում` պնդելով, որ դա չի ազդի Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքորոշման վրա:

Մինչդեռ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը պնդում է, որ հայկական կողմը պետք է չհամաձայներ դրան` առանց Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում եւս նման առաքելություն իրականացնելու համաձայնություն ստանալու:

«Սա շատ միակողմանի, պրոադրբեջանական բնույթ կրող մի առաքելություն է լինելու», - մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը ասաց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: - «Սա շատ վտանգավոր բան է: Փաստորեն Ադրբեջանին հաջողվում է ամբողջ աշխարհի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, այդ օկուպացիային վերջ տալու համար անհրաժեշտ են անհապաղ միջոցառումներ եւ դրանցից մեկը նման առաքելություններն են, որոնք, ըստ Ադրբեջանի նախագծերի, պետք է գնահատի այն վնասները, որ հասցվել են օկուպանտ Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանին»: