Մահվան նոր դեպք Հայաստանի զինված ուժերում

Հայաստան - Զինվորները զորավարժությունների ժամանակ, արխիվային լուսանկար

Հայաստանի զինված ուժերում արձանագրվել է մահվան եւս մեկ դեպք: Կիրակի օրը ժամը 19:00-ի սահմաններում N զորամասի զորանոցի նկուղում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Խաչատրյանի դին` կախված վիճակում:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` Սամվել Խաչատրյանը 18 տարեկան էր, զորակոչված էր Արտաշատի զինկոմիսարիատից, սեպտեմբերի 13-ից ստորաբաժանման կազմում մասնակցում էր ճամբարային հավաքների:

Ինչպես երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել Հադրութում տեղակայված զորամասում: Կիրակի օրն արդեն քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3-րդ մասով` «զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ»: Կատարվում է նախաքննություն: Այս պահի դրությամբ ձերբակալվածներ չկան:

Սույն հոդվածի տվյալ մասով սահմանված պատիժը 4-ից մինչեւ 8 տարվա ազատազրկումն է:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ անմիջապես դեպքի վայր է ուղարկվել հանձնախումբ` ծառայողական քննություն անցկացնելու համար: Քննությունը իրականացվում է Գլխավոր շտաբի պետի տեղակալ Վալերի Գրիգորյանի գլխավորությամբ: Պաշտպանության նախարարի խորհրդականի փոխանցմամբ` երբ ավարտվի ծառայողական քննությունը, հնարավոր կլինի խոսել զինծառայողի մահվան հանգամանքների մասին:

Հարցին, թե ինչո՞վ է բացատրում հաճախակի դարձած նման դեպքերը, Գեղամ Հարությունյանը արձագանքեց. - «Դժվար է ասել, որովհետեւ յուրաքանչյուր դեպք իր առանձնահատկությունն ունի: Կոնկրետ այս դեպքն էլ` պետք է սպասենք հանգամանքների ճշտմանը` ինչի՞ հետ է կապված այդ արարքը, ի՞նչ է ընկած հիմքում»:

«Ես չէի ասի, թե այդ դեպքերը հաճախակի են դարձել: Ավելի շատ հիմա խոսվում է այդ դեպքերի մասին, հրապարակայնությունը ավելի բարձր է բանակի շուրջ հարցերի հետ կապված` միգուցե դա է պատճառը, որ տպավորությունն այդպիսին է ստեղծվում: Ուղղակի նաեւ վերջին մի կարճ ժամանակահատվածում որոշ խտացում նկատվեց դեպքերի», - ասաց պաշտպանության նախարարի խորհրդականը` ընդգծելով. - «Չպետք է մոռանանք, որ առաջին վեց ամիսների ընթացքում բանակում լավագույն տարվա հետ համեմատ ցուցանիշները կրկնակի անգամ նվազած էին` դեպքերի եւ պատահարների եւ նաեւ մահացության»:

«Ես վստահ եմ, այնուամենայնիվ, որ ձեռնարկվող միջոցառումների արդյունքում այս շղթան կընդհատվի, եւ բանակը բնականոն հունի մեջ կմտնի այս առումով», - հավելեց նա:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենց անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում, միայն անցած 3 ամիսների ընթացքում Զինված ուժերում 13 զինծառայող է զոհվել:

«Սա, իհարկե, բանակում անկառավարելիության վիճակի մասին է խոսում… եւ բարձրագույն հրամանատարական կազմի ոչ իր տեղում գտնվելը», - ասաց նա:

Անդրադառնալով անցած շաբաթավերջին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ռազմական ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին պաշտոնից ազատելուն եւ Պաշտպանության փոխնախարար նշանակելուն` Սաքունցը ասաց. - «Թե ինչու համար են իրեն նախարարի տեղակալ տալիս, դա ինձ համար անհասկանալի է»:

Իրավապաշտպանի համոզմամբ, Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը պետք է հրատապ կերպով լսումներ կազմակերպի եւ Պաշտպանություն նախարարությունից հաշվետվություն պահանջի բանակում կատարվող դեպքերի վերաբերյալ: