Չնայած թույլտվությանը` Ավդեյ Տեր-Օհանյանը հրաժարվում է մասնակցել Լուվրի ցուցահանդեսին

Լուվր

Ֆրանսիայում Ռուսաստանի տարվա շրջանակներում նախատեսված «Կոնտրապունկտ - ժամանակակից ռուսական արվեստ» խորագրով ցուցահանդեսին կմասնակցեն բոլոր ընտրված աշխատանքները, այդ թվում եւ Ավդեյ Տեր- Օհանյանի այն 4 աշխատանքները, որոնց ցուցադրությունն ավելի վաղ Ռուսաստանի մշակույթի նախարարությունն արգելել էր: Այս մասին հայտնում է Լուվրի մամլո ծառայությունը, որտեղ էլ հոկտեմբերի 14-ին բացվելու է ցուցահանդեսը:

Տեր-Օհանյանի աշխատանքների ցուցադրությունն արգելելու եւ դրանք Ռուսաստանից դուրս չթողնելու որոշումը այդ երկրի մշակույթի փոխնախարար Անդրեյ Բուսիգինը բացատրել էր նրանով, որ կտավները պարունակում են սահմանադրական կարգի բռնի փոփոխությանն ուղղված կոչեր եւ հրահրում են ազգային ու կրոնական թշնամանք:

Փարիզյան ցուցադրության համար արգելված այդ 4 գործերը Ավդեյ Տեր-Օհանյանի 2004 թվականին ստեղծված «Ռադիկալ աբստրակցիոնիզմ» շարքից են, դրանք իրենցից ներկայացնում են մետրուկես մետր երկարություն եւ մեկ մետր լայնություն ունեցող կտավներ, որոնց վրա արված են պարզ երկրաչափական պատկերներ, իսկ կտավի ներքեւում գրված են խիստ ծայրահեղական մակագրություններ, օրինակ` «Այս կտավը կրոնական թշնամանք է հարուցում» կամ «Այս կտավը կոչ է անում պետական գործիչ Վլադիմիր Պուտինի կյանքի նկատմամբ ոտնձգության` նրա քաղաքական եւ պետական գործունեությունը կասեցնելու նպատակով»:

Ինքը Տեր-Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կարծիք հայտնեց, որ հենց Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի անունն է մեծապես նպաստել, որ իր գործերի նկատմամբ գրաքննություն իրականացվի: Նկարիչը բացատրում է, որ Պուտինի անունը գրել է պարզապես ասելիքն առավել ակնառու դարձնելու համար, իսկ «Ռադիկալ աբստրակցիոնիզմ» շարքը ստեղծել է հենց արվեստի ու արվեստագետների դեմ գրաքննության եւ հետապնդումների ողջ աբսուրդը ցույց տալու համար:

Ավդեյ Տեր-Օհանյանը, ով 1999 թվականին Ռուսաստանից հեռացել է քրեական հետապնդման պատճառով եւ քաղաքական ապաստան է ստացել Չեխիայի Հանրապետությունում, պատմում է, որ այս գործերը ստեղծվել են այն բանից հետո, երբ ինքն ու իր ընկերները մեղադրվել են իրենց արվեստով կրոնական թնամանք հարուցելու մեջ, եւ իրենց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: Նկարիչը բացել է Ռուսաստանի քրեական օրենսգիրքը եւ փորձել է պարզել, թե գրաքննիչներն իրենց կտավների մեջ այլ ինչ հանցանքներ կարող են գտնել եւ ինչ մեղադրանքներ կարող են առաջադրել արվեստագետին: Գտել է մոտավորապես 14 այդպիսի հոդված եւ, որպեսզի շեշտի իրավիճակի աբսուրդայությունը, դրանք տեղադրել է որեւէ կոչ կամ կոնկրետ իմաստ չպարունակող երկրաչափական պատկերների տակ:

«Փաստորեն, միայն Լուվրում ներկայացրած 4 գործերի համար դրանց հեղինակին արդեն կարելի է քրեական պատասխանատվության ենթարկել 4 հոդվածներով` կոչերը բառացի հասկանալու դեպքում: Եվ այս գործերի միջոցով ես փորձում եմ ցույց տալ, թե որքան աբսուրդ են եւ ինձ եւ այլ նկարիչների` Անդրեյ Երոֆեեւին եւ Օլեգ Մավրոմատիին առաջադրված մեղադրանքները», - ասում է Տեր-Օհանյանը:

Իր գործերի ցուցադրությունը Լուվրում թույլատրելը Ավդեյ Տեր-Օհանյանը որոշ չափով հաղթանակ է համարում, սակայն ասում է, որ շարունակում է բոյկոտել ցուցահանդեսը եւ դրան կմասնակցի միայն մի պայմանով, եթե վտարանդի նկարիչ Օլեգ Մավրոմատիին հնարավորություն տրվի մնալ Բուլղարիայում, ուր դեռ 2000 թվականին նա տեղափոխվել է իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման պատճառով: Այժմ Բուլղարիայի իշխանությունները չեն ցանկանում երկարաձգել Մավրամատիի անձնագրի ժամկետը, այդ պատճառով նա կարող է վտարվել Ռուսաստան, որտեղ նկարչին ազատազրկում է սպառնում:

«Եթե իմ ստեղծագործությունների եւ դրանց գրաքննության հետ կապված զուտ սիմվոլիկ խնդիրները լուծվեցին, ապա իրական մարդու իրական խնդիրները, ով կրկին գրաքննության զոհ է եւ ով կարող է բանտ նստել, մնում են չլուծված, եւ ես պնդելու եմ, որ իմ նկարները չցուցադրվեն, մինչեւ որ գրաքննության առաջացրած իրական խնդիրը լուծվի», - ասում է Ավդեյ Տեր-Օհանյանն ու շարունակում. - «Այս ցուցահանդեսը մի նպատակ ունի` ցույց տալ, որ Ռուսաստանում ժամանակից արվեստի ոլորտում ամեն ինչ հիանալի է, եւ նույնիսկ Լուվրում ներկայանալու բան ունենք, բայց իրականում այդպես չէ, եւ ես, որ այդ ցուցահանդեսին ներկայացված եմ, ապրում եմ Ռուսաստանից դուրս, եւ ամենեւին էլ ոչ սեփական կամքով, ու հենց դա եմ ուզում շեշտադրել»: