Եվրամիությունը 30 միլիոն եվրո է հատկացնում Վրաստանին

Եվրամիությունը 30 միլիոն եվրո է տրամադրելու Վրաստանին` պետական ինստիտուտներին աջակցելու եւ բարեփոխումներ իրականացնելու նպատակով:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, շաբաթ օրը համապատասխան փաստաթուղթը Թբիլիսիում ստորագրեցին Վրաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Փեր Էկլունդը եւ Վրաստանի եվրոպական եւ եվրատլանտյան կառույցների հետ ինտեգրացման նախարար Գեորգի Բարամիձեն:

Ֆինանսավորումը հիմնականում նախատեսված է վերահսկիչ պալատի, Օմբուդսմենի եւ երկրում բարեփոխումներ իրականացնելու գործում ուղղակի դեր կատարող գերատեսչությունների համար:

Համապատասխան միջոցները Վրաստանին կտրամադրվեն սկսած 2011 թվականից` երեք տարվա ընթացքում: