Հայաստանում է Փիթեր Սեմնեբին

Հայաստանում է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:

Այսօր Եվրամիության հատուկ ներկայացուցչի եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան - ԵՄ համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Կողմերը նշել են, որ Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ թե՛ բազմակողմ, թե՛ անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ հուլիսի 19-ին Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը նոր լիցք է հաղորդել այդ հարաբերություններին: Նախարարի խոսքերով` սեպտեմբերի 24-ին ու 27-ին Երեւանի եւ Բրյուսելի միջեւ տեսակամուրջի միջոցով տեղի ունեցած բանակցությունները բավականին արդյունավետ էին եւ կարեւոր հոկտեմբերի 12-ին Բրյուսելում կայանալիք բանակցությունների երկրորդ փուլից առաջ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նալբանդյանը եւ Սեմնեբին անդրադարձել են նաեւ դեկտեմբերի 13-ին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը եւ դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստան - ԵՄ համագործակցության խորհրդին քննարկվելիք հարցերին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Եվրամիության հատուկ ներկայացուցչին այսօր ընդունել է նաեւ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: