Էկվադորը հեղաշրջման եզրին է

Էկվադորը հեղաշրջման եզրին է: Երկրի նախագահի աջակիցների եւ խռովարար զինվորականների միջեւ բախումների հետեւանքով առնվազն 50 մարդ է տուժել:

Նախագահ Ռաֆայել Կորեան ավելի վաղ խռովարարների օգտագործած արցունքաբեր գազից թունավորված տեղափոխվել էր հիվանդանոց: Խռովարարները շրջափակել էին հիվանդանոցը: Կառավարական զորքի գրոհի շնորհիվ Էկվադորի նախագահին հաջողվել է բարեհաջող դուրս գալ այնտեղից: Սակայն փոխհրաձգությունները շարունակվում են, առայժմ հաղորդվում է 1 զոհի մասին:

Ապստամբները նման ձեւով իրենց բողոքն են արտահայտում երկրի ուժային կառույցներին հատկացվող արտոնությունները սահմանափակող նոր օրենքի դեմ:

Էկվադորի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել: ԱՄՆ-ն ու Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ դատապարտել են զինվորականների գործողություններն ու աջակցություն հայտնել երկրի նախագահին: