Հոկտեմբերի 1-ի մամուլ

«Առավոտ»-ին հարցազրույց է տվել Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Լրագրողի դիտարկմանը, թե միջազգային տարբեր կառույցների կողմից է անգամ ընդունվել, թե Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությանը հաջորդած դեպքերի հետեւանքով հարուցված շատ քրեական գործերի շարժառիթը քաղաքական դրդապատճառներն են, Հովսեփյանը պատասխանում է. - «Միջազգային կառույցների կողմից նման գնահատական չկա: Կարող է լինել առանձին անձանց կողմից: Բնական է` խոսքը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի մասին է: Այդ դեպքերի համար դատապարտված անձինք հանցագործությունները կատարել են քաղաքական դրդապատճառներից ելնելով: Հանցագործությունների դրդապատճառները տարբեր են լինում: Մեկը կարող է դա փորձել պայմանավորել քաղաքական դրդապատճառներով, մյուսը` սոցիալական, երրորդը` շահադիտական: Տարբեր են լինում նաեւ հանցագործության սուբյեկտները, կատարող անձինք: Բայց մենք բոլորի նկատմամբ վարույթն իրականացնում ենք զուտ քրեական եւ քրեական դատավարության օրենսդրքերին համապատասխան»:

«Իրավունք»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մելիքյանը (ՀՀԿ): Նա ասում է. - «Դաշնակցությունը ինչ որ արել է, արել է ՀՀԿ-ի հետ միասին, երբ որ կոալիցիոն ուժ էր ու իշխանության մաս էր կազմում: Իսկ կոալիցիայից դուրս գալուց հետո ես չգիտեմ, թե Դաշնակցությունը ինչ լուրջ գործեր է արել: Համենայնդեպս ես կասեմ հետեւյալը. եթե Արագածոտնի մարզում հայտարարվում է մեծ հանրահավաքի մասին, բայց այն տապալվում է, ապա ի՞նչ հույսով է Դաշնակցությունը ընդհանրապես ընտրությունների գնում»: Հարց. - «Գուցե 7 տոկոսի՞»: Պատասխան. - «Ես կարծում եմ, որ Դաշնակցությունը համոզվեց, որ Արագածոտնի մարզում ինքը ընդհանրապես ձայների չի տիրապետում: Բայց լավ կլինի, որ 7 տոկոսի հետ կապված իրենց հարցնենք, թե նրանք ի՞նչ հույսով են 7 տոկոս ակնկալում, եթե հարկ եղած դեպքում 0.7 տոկոս էլ չեն կարողանում ապահովել»:

Պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը («Ժառանգություն») «Հայոց Աշխարհ»-ին ասում է. - «Մենք ՀԱԿ-ից ոչինչ չենք խնդրելու, որ մերժում ստանանք: Սա իմ անձնական մտահղացումն է, քանի որ հնարավոր է զարգացումների որոշակի ընթացք, երբ մենք ՀԱԿ-ին կարող ենք ընդամենը համագործակցելու առաջարկ անել»: Հարց. - «ՀԱԿ-ի հետ դարձյալ փորձելո՞ւ եք ընտրացուցակ կազմել: Կարծում եք, 2012-ին ՀԱԿ-ը պակա՞ս հավակնություններ է ունենալու»: Պատասխան. - «Մենք դառը փորձ ունենք, ուստի բնականաբար 2008-ի Երեւանի ավագանու ընտրությունների պատմությունը չի կարող կրկնվել: Ցանկացած պարագայում ընտրացուցակը կլինի տրամաբանված, հասարակության համար ընկալելի ու հասկանալի: Ցուցակում չեն լինի գերիշխողներ: Ընտրողին պետք է հասկանալի լինի այդ ցուցակի ուղերձը եւ թիրախը»:

«168 ժամ»-ի զրուցակիցն է պատգամավոր Արամ Սաֆարյանը («Բարգավաճ Հայաստան»), որը ներկայացնում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների գլխավորությամբ հոկտեմբերի 4-14-ը իրականացվելիք փաստահավաք առաքելության խնդիրները. - «Իմաստ չունի մեծ բան սպասել այս առաքելությունից, որովհետեւ Հայաստանը երբեք չի վարել զբաղեցված տարածքների հատուկ բնակեցման քաղաքականություն: Լավ է, թե վատ է, դա այլ խնդիր է, բայց դա փաստ է: Նրանք կգան եւ կտեսնեն, որ այդ տարածքները բնակեցված չեն, որ դրանց պատմական դերը եղել ու մնում է իբրեւ անվտանգության գոտի, որը երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը»: Հարցին, թե միգուցե ճիշտ էր բնակեցնե՞լ այդ տարածքները, Սաֆարյանը արձագանքում է - «Դա ուրիշ խոսակցություն է, եւ այդ հարցը պետք է ուղղվի ուրիշ ատյանների: Չբնակեցնելը ոչ ճիշտ է, ոչ սխալ է, դա փաստ է: Ես քաղաքականության մեջ եմ երեք տարի եւ ձեզ ասում եմ, որ ԵԱՀԿ այս առաքելությունից մեծ ակնկալիք ոչ մեկը` ո'չ դիտորդական առաքելության անդամները, ո'չ Մինսկի խմբի համանախագահության երկրները եւ ո'չ էլ Ադրբեջանը պետք է չունենան: Բայց եթե շատ պնդում են, թող գան ու տեսնեն»:

«Կապիտալ»-ը ներկայացնում է ռուսաստանաբնակ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը «Վեդոմոստի» թերթին: Լրագրողը հարցնում է. - «Ե՞րբ եք ծրագրում հեռանալ «Տրոյկայի» ղեկավարությունից»: Պատասխան. - «Այն մասին, որ ես հնարավոր է` հեռանամ 2012 թվականին, ես ասել եմ դեռ 2007-ի վերջին: Այնքան, որքան հարկավոր է «Տրոյկային», որպեսզի դա հարթ եւ անցավ ընթանա, այդքան էլ կմնամ իմ պաշտոնին: Սակայն լավագույն դեպքում ես կցանկանայի 2013թ. արդեն այլ գործերով զբաղվելու հնարավորություն ունենալ»: Իսկ հարցին, թե ինչով է զբաղվելու հեռանալուց հետո Վարդանյանը արձագանքել է. - «Ես կցանկանայի զբաղվել բարեգործության «արդյունաբերության» կառուցմամբ` ոչ իմ հիմնադրամներով, այլ տարբեր նախագծերի համար գումարների կուտակային համակարգի ստեղծմամբ այնպես, որ այդ գումարները ճիշտ տնօրինվեն»: Հարց. - «Դուք պատրա՞ստ եք աշխատել պետության համար»: Պատասխան. - «Ոչ: Կարծում եմ, որ ես վատ պետական պաշտոնյա կլինեի, որովհետեւ դա որոշակի մշակույթ է: Ինձ հետաքրքիր չէ այդ ձեւաչափը: Ես եւս ցանկանում եմ, որ Ռուսաստանը փայլուն ապագա ունենա, սակայն լավ կլինի, որ ես դա անեմ բիզնես դպրոցի եւ իմ այլ նախագծերի միջոցով»: