Քաղաքապետարանը կրկին արգելեց ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում

Երեւանի քաղաքապետարանը այսօր ընդունած որոշմամբ արգելեց Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում:

Հոկտեմբերի 15-ի համապետական հանրահավաքի համար քաղաքապետարանը առաջարկել է Մատենադարանին հարող տարածքը: Հանրահավաքի ավարտին անցկացվելիք երթի մասին իրազեկումը ընդունվել է ի գիտություն:

Այս անգամ Ազատության հրապարակում հանրահավաքն արգելելու պատճառը այստեղ տեղադրված կարուսելներն ու ատրակցիոններն են: Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Մելքումյանը տեղեկացրեց, որ այդ ատրակցիոնների գործունեության պայմանագիրը ուժի մեջ է հոկտեմբերի 10-ից:

Վկայակոչելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 13-րդ հոդվածը` քաղաքապետարանը արձանագրում է, որ «երեխաների հանգիստն ու ժամանցն ապահովող միջոցառումը բացառում է միաժամանակ նույն տարածքում հանրահավաքի անցկացումը»:

Ազատության հրապարակում ընդդիմությանը հանրահավաք անցկացնելու թույլտվություն չի տրվել 2008 թվականից ի վեր:


Իրինա Հովհաննիսյան