Դաշնակցությունը «նոր իշխանությունների ձեւավորման» խնդիր է հռչակում

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) չորեքշաբթի օրը Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում անցկացրած հանրահավաքում ազդարարեց, որ կուսակցությունը հիմնական քաղաքական խնդիր է հռչակել նոր իշխանությունների ձեւավորումը:

«Իշխանափոխության հասունացման, նոր իշխանությունների ձեւավորման գործընթացը պետք է սկսենք մարզերից, որ ամեն մի քաղաքացի ընկալի, հասկանա Դաշնակցության ծրագրերի էությունը», - իր ելույթում հայտարարեց կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` հավաստիացնելով, որ Աշտարակում կայացած հանրահավաքից հետո «մարզ առ մարզ» գնալու են:
Դաշնակցության ղեկավար անդամ Արմեն Ռուստամյանը ելույթ է ունենում հանրահավաքում: Աշտարակ, 29-ը սեպտեմբերի, 2010թ.


Դաշնակցության ղեկավարների եւ տեղի դաշնակցականների քննադատության թիրախում Արագածոտնի մարզպես Սարգիս Սահակյանն էր (ՀՀԿ):

«Եկել է մարզում նոր ղեկավար, եւ որոշել է, որ քաղաքական այլ հայացքներ դավանող մարդիկ չպետք է աշխատեն իր մարզի հաստատություններում: Նա խախտում է օրենքը, եւ ուրեմն մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը հեռացնի նրան գործից: Դրա համար ենք հավաքվել, եւ դա մենք կանենք», - իր խոսքում ասաց ՀՅԴ-ի Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

Դաշնակցության մարզային կոմիտեի ներկայացուցիչ Կարեն Շահազիզյանը, ով վարում էր այսօրվա հանրահավաքը, ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց, որ այն բանից հետո, երբ 2009 թվականին մարզպետի պաշտոնը ստանձնեց Սարգիս Սահակյանը, մոտ 3 տասնյակ դաշնակցականներ են ազատվել աշխատանքից, այդ թվում` մարզպետարանի աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:

«Ոչ մի Հանրապետական կամ կոալիցիայի անդամ այլ կուսակցության ներկայացուցիչ չի ազատվել աշխատանքից: Բնականաբար, տրամաբանությունը հուշում է, որ նրանք [Դաշնակցության անդամները] միայն այդ հողի վրա են ազատվել», - նշեց Շահազիզյանը:

Ինքը` Շահազիզյանը, 12 տարի զբաղեցրել է մարզպետարանի սոցիալական բաժնի պետի պաշտոնը, նոր մարզպետի օրոք առաջարկել են աշխատանքից ազատվելու դիմում գրել: Չի համաձայնել եւ իրեն ազատել են աշխատանքից` ատեստացիան չանցնելու պատճառաբանությամբ:

Հանրահավաքի մասնակիցներները բողոքում էին գյուղացիների վիճակից, մարզում տեղացած առատ անձրեւների ու կարկուտի հետեւանքով կրած վնասներից` պնդելով, որ հարկերը չեն կարողանում մուծել, իսկ մարզպետարանը չի աջակցում:

«Ես ինչ անում եմ, անում եմ իմ մարզի, իմ երկրի համար: Ես ոչ մեկին չեմ հեռացնում ապօրինի, անհիմն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը` հավելելով, որ մարզը իր օրոք համախառն ներքին արդյունքի աճ է արձանագրել:

«Իմ գնահատականը երկրի նախագահն ու վարչապետն են տալիս, ոչ թե հրապարակում հավաքված այդ մի քանի մարդիկ», - եզրափակեց Սահակյանը: