Ադրբեջանում «աբսուրդ» են որակում Նալբանդյանի հայտարարությունը

Պաշտոնական Բաքուն «աբսուրդ» է որակել Ֆլեթչերի դպրոցում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, ըստ որի, մասնավորապես, Մադրիդյան առաջարկների աշխատանքային տարբերակներից մեկը ընդունելով որոշակի բացառություններով` Ադրբեջանը, փաստացի, չի ընդունում դրանք:

«Նման հայտարարություններով Երեւանին չի հաջողվի մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը», - ANS հեռուստատեսությանը ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը: - «Դա մեծ աբսուրդ է, ես ցավում եմ, որ Էդվարդ Նալբանդյանը թեեւ հանդիսանում է արտգործնախարար, միջազգային հանրությանը խաբել նրան չի հաջողվի»:

«Հայկական կողմը այնպիսի պահանջներ է առաջ քաշում, որ ոչ ոք դրանց չի համաձայնի: Ի՞նչ է նշանակում 2-3 տարբերակ: Վերջին 2 տարվա բանակցություններում արդեն արդյունքներ պետք է լինեին: Չհամաձայնելով դրան` նրանք առաջ են քաշում այլ առաջարկներ: Ինչպես գիտեք, 2009 թվականին Սոչիում ներկայացվել էին այլ առաջարկներ: Դրան համաձայնել չի կարելի: Նման աբսուրդ հայտարարություններով արտգործնախարարը չի կարող խաբել միջազգային հանրությանը», - պնդել է Մամեդովը: