Հովիկ Աբրահամյանը այսօր կհանդիպի Միշլին Քալմի-Ռեյի հետ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը այսօր Ժնեւում հանդիպումներ կունենա Շվեյցարիայի նորընտիր փոխնախագահ, արտաքին գործերի նախարար Միշլին Քալմի-Ռեյի, Պետությունների խորհրդի (Սենատ) նախագահ Էրիկա-Ֆորստեր Վանինիի եւ Ազգային խորհրդի նախագահ Պասկալ Բրուդերեր Ուիսի հետ:

Հայաստանցի խորհրդարանականները երեկ երեկոյան են ժամանել Ժնեւ, որտեղ նրանց է միացել Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը:

Նույն օրը, Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, կայացել է հանդիպում Շվեյցարիա - Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ: Հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը երախտագիտություն է հայտնել 2003 թվականի դեկտեմբերի 16-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից բանաձեւի ընդունման համար: