Մադրիդում բացվեց Հայաստանի դեսպանատունը

Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության
Սեպտեմբերի 26-ին բացվել է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, տեղի հայ համայնքի ուժերով վերանորոգված դեսպանատան սրահում կազմակերպվել է Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձին եւ Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացմանը նվիրված ընդունելություն:

Ընդունելությանը ներկա էին մի քանի տասնյակ մադրիդահայեր, երկրի տարբեր շրջաններից ժամանած հյուրեր, այդ թվում`հայ կրթամշակութային կառույցների ներկայացուցիչներ Բարսելոնայից, Վալենսիայից, Մալագայից, Ալիկանտեից: Իսպանիայում Հայաստանի գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանի հրավերով Բարսելոնայից Մադրիդ են ժամանել նաեւ Հայ բարեգործական ընդհանուր միության եվրոպական մասնաճյուղի փոխտնօրեն Սոնա Ատտամյանը, անդամներ Միշել Սաբահը եւ Ֆրանսուազ Գովդյանը:

Մադրիդի կենտրոնում գտնվող դեսպանատան օծման արարողությունը կատարել է Իսպանիայում եւ Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը: Հնչել են երկու երկրների ազգային օրհներգները, որից հետո Խորեն Տերտերյանը շնորհավորական խոսք է ասել: