Հայաստանի ՊՆ. «Տարօրինակ է, որ Ադրբեջանը չի արձագանքում դիպուկահարների հետքաշման նախաձեռնությանը»

«Տարօրինակ է, որ մշտապես հայկական կողմին հրադադարը խախտելու, դիվերսիոն գործողություններ իրականացնելու կեղծ մեղադրանքներ ներկայացնելուն զուգահեռ, ադրբեջանական կողմը չի ցանկանում արձագանքել դիպուկահարներին շփման գծից հեռացնելու նախաձեռնությանը», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն, մեկնաբանելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հայտարարությունը, որ շփման գծից դիպուկահարներին հեռացնելը նշանակալիորեն կամրապնդի հակամարտող կողմերի միջեւ հաստատված հրադադարի ռեժիմը, ասել է, մասնավորապես, թե դա չի նպաստի հակամարտության կարգավորմանը:

Այս առնչությամբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հայկական կողմը բազմիցս հանդես է եկել դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու նախաձեռնությամբ` գտնելով, որ դա իսկապես կարող է թուլացնել շփման գծում առկա լարվածությունը եւ երկուստեք նվազեցնել կորուստները, եւ հիշեցնում է, որ նույն առաջարկով հանդես են եկել նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:

«Ինչ վերաբերում է հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին Սաբիրօղլուի հնչեցրած հերթական ապատեղեկատվությանը, ապա կրկին շեշտում ենք, որ հայկական կողմը խստորեն հետեւում է շփման գծում հրադադարի պահպանմանը, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մասին: Ասվածի վառ ապացույցն է վերջին ամիսներին ադրբեջանական դիվերսիոն խմբերի հայկական տարածք ներթափանցելու անհաջող փորձերը, որոնք մարդկային զոհերի պատճառ են դարձել: Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից սեպտեմբերի 17-ին զոհվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Անդրանիկ Սարգսյանը», - ընդգծում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը` հիշեցնելով, որ այս միջադեպերի կապակցությամբ հայտարարություններով հանդես են եկել ԵԱՀԿ-ի գործող նախագահը, Մինսկի խմբի համանախագահները, Եվրամիության ներկայացուցիչներ: