Կառավարությունը հրաժարվում է «Լեզվի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններից

Ազգային ժողով

Ազգային ժողովում երկուշաբթի օրը լսումներ անցկացվեցին կրթական ոլորտում օրենսդրական փոփոխությունների վիճահարույց նախագծի շուրջ, որոնց արդյունքում հնարավոր կլինի Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացել:
ԱԺ-ի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր կայացած խորհրդարանական լսումներում կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ կառավարությունը հրաժարվել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մտադրությունից: Այդուհանդերձ, Աշոտյանի խոսքով, փոփոխություններ եւ լրացումներ կատարելով միայն «Հանրակրթության մասին» օրենքում, կառավարությունը հնարավորություն կստեղծի Հայաստանում բացել 11 օտարալեզու դպրոցներ, որոնցից 2-ը կլինեն մասնավոր, մյուսները` միջկառավարական:

«Փոխվել են օրենսդրական նախաձեռնության ձեւակերպումները, գաղափարները, մոտեցումները, սակայն վերջնական նպատակը մնացել է եւ մնում է նույնը` ապահովել Հայաստանի Հանրապետության հանրակրթական ոլորտում մոդելային, ծրագրային բազմազանություն, ապահովել միջազգային լավագույն փորձը փոխառելու համար լավագույն պայմանները, հիմք ստեղծել Հայաստանում միջազգային այընտրանքային, հեղինակային, փորձարարական ծրագրերի գործունեության համար», - պարզաբանեց կրթության եւ գիտության նախարարը:

«Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը խիստ քննադատության է ենթարկվել մի խումբ մտավորականների, ընդդիմադիր կուսակցությունների, ոչ-կառավարական որոշ կազմակերպությունների կողմից, ովքեր պնդում են, որ առաջարկվող փոփոխությունները լուրջ վնաս կհասցնեն Հայաստանի կրթական համակարգին: Կրթության եւ գիտության նախարարության կողմից գարնանը ներկայացված եւ առաջին ընթերցմամբ Ազգային ժողովում ընդունված օրինագիծը այս քննադատությունների արդյունքում արդեն մի քանի անգամ փոփոխվել է:

Այսօր կայացած քննարկմանը մասնակցում էին կառավարության օրինագծի դեմ առավել ակտիվությամբ հանդես եկող «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները, ում չէր գոհացրել նաեւ կառավարության այս հերթական զիջումը: Քննարկումները բավականին բուռն էին, հնչեցին անձնական վիրավորանքներ: Նախաձեռնության անդամները ընդհանրապես դեմ են Հայաստանում որեւէ տեսակի օտարալեզու դպրոցների բացմանը, եւ պնդում էին, որ «Հանրակրթության մասին» օրենքում եւս փոփոխություններ չպետք է կատարվեն:

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ օրենքը չի մտնի Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանի օրակարգ, քանի որ այն լրացուցիչ լրամշակման կարիք ունի: