Ադրբեջանի ՊՆ. «Դիպուկահարների հեռացումը չի հանգեցնի վերջնական կարգավորման»

«Ճակատային գծից դիպուկահարների հեռացումը չի հանգեցնի հակամարտության վերջնական կարգավորման», - հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն` մեկնաբանելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հայտարարությունը:

Շաբաթ օրը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Բան Կի-մունը ասել էր, մասնավորապես, որ սատարում է շփման գծից դիպուկահարների հետքաշմանը, ինչը զգալիորեն կնպաստի զինադադարի ամրապնդմանը:

«Հայերը քանիցս տարբեր մակարդակներով բարձրացրել են այդ հարցը: Դա նույնպես յուրատեսակ խորամանկություն է: Դեպքերի մեծ մասում դիպուկահարները օգտագործվում են հենց Հայաստանի կողմից», - պնդել է Սաբիրօղլուն:

«Ենթադրենք, հենց վաղը այդ առաջարկը կատարվի, եւ դիպուկահարները հեռացվեն ճակատային գծից: Արդյո՞ք դա կնշանակի, որ հրադադարը չի խախտվելու այլ զինատեսակներով», - ասել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության խոսնակը` հավելելով. - «Հետեւաբար, առաջին հերթին պետք է ձգտել, որպեսզի Հայաստանը հրաժարվի իր օկուպացիոն քաղաքականությունից, հետեւի ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների բանաձեւերին»: