Բան Կի-մունը սատարում է ղարաբաղյան շփման գծից դիպուկահարների հետքաշմանը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շաբաթ օրը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Բան Կի-մունը բարձր է գնահատել Հայաստանի դերակատարությունը ՄԱԿ-ի նպատակների իրականացման գործում եւ մասնակցությունը Հազարամյակի զարգացման նպատակների գագաթաժողովին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Ղարաբաղյան գործընթացի վերջին զարգացումները: Բան Կի-մունը նշել է, որ ինքը սատարում է շփման գծից դիպուկահարների հետքաշմանը, ինչը զգալիորեն կնպաստի զինադադարի ամրապնդմանը: Էդվարդ Նալբանդյանը ասել է, որ կիսում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեսակետը, եւ հույս է հայտնել, որ Ադրբեջանը եւս կընդունի այս կապակցությամբ բազմիցս արված առաջարկությունը:

Ներկայացնելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման ճանապարհին տեղի ունեցած զարգացումները` Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հայ - թուրքական կարգավորման գործընթացին անվերապահ աջակցության համար:

Ավարտելով այցելությունը Նյու Յորք` Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Բոստոն, ուր նախատեսված է նրա ելույթը Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում եւ հանդիպումը հայ համայնքի հետ: