Հայաստանի արտգործնախարարը ՄԱԿ–ում քննադատել է Ադրբեջանին եւ Թուրքիային

«Կոսովոյի անկախության վերաբերյալ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումը եւս մեկ անգամ ընդգծեց, որ աշխարհում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար անհրաժեշտ հիմնարար սկզբունքներից մեկը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, չի կարող որեւէ կերպ ստորադասվել միջազգային իրավունքի այլ սկզբունքներին»,–շաբաթ ուշ երեկոյան ՄԱԿ–ի Գլխավոր Վեհաժողովում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Ադրբեջանի կողմից անընդհատ շարունակվող ռազմաշունչ հայտարարությունները, հրադադարի ռեժիմի խախտման ավելացող դեպքերը, ինչպես նաեւ ռազմական բյուջեի աննախադեպ ավելացումը միայն սրում են իրավիճակը՝ մտահոգություններ առաջ բերելով տարածաշրջանի՝ առանց այդ էլ փխրուն կայունության շուրջ»,–հայտարարել է Նալբանդյանը՝ ընդգծելով,–«Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման մասին համաձայնագրի ստորագրումը եւ դրանով իսկ սպառնալիք հանդիսանում տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը»։

Անդրադառնալով հայ–թուրքական հաշտեցման գործընթացին՝ Նալբանդյանը հայտարարել է. «Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել, երբ Թուրքիան կրկին պատրաստ կլինի հարաբերությունների կարգավորմանը՝առանց նախապայմանների»։