ԼՂ հարակից շրջաններում դաշտային առաքելությունը կիրականացվի հոկտեմբերի 4-14-ը

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Երեւանում: Հուլիս, 2010թ.

Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետներին պաշտոնապես հրավիրել են մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում Դաշտային գնահատման առաքելությանը, որը կանցկացվի հոկտեմբերի 4-14-ը։
Համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ,) Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) շաբաթ օրը Նյու Յորքում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է.- «Սեպտեմբերի 23-ին համանախագահները Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ։ Երկու հանդիպումներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը»:

ԵԱՀԿ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ համանախագահները երկու արտգործնախարարներին տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում 2010 թվականի հոկտեմբերի 4-14-ը իրենց կողմից անցկացվելիք Դաշտային գնահատման առաքելության նախապատրաստական աշխատանքների մասին։

Ժնեւում եւ Նյու Յորքում ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքում համանախագահները ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) փորձագետներին պաշտոնապես հրավիրել են մասնակցելու Դաշտային առաքելությանը։

Բացի այդ, համանախագահները արտգործնախարարների հետ համաձայնեցրել են առաջիկա ամիսների իրենց աշխատանքային ծրագրերը, այդ թվում՝ Աստանայում ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: