Վրաստանի արտգործնախարարը հոկտեմբերի սկզբին կժամանի Երեւան

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Նյու Յորքում հանդիպել է վրաց գործընկեր Գրիգոլ Վաշաձեի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել են հայ - վրացական օրակարգի բազմաթիվ հարցեր: Երկխոսությունը շարունակելու նպատակով հոկտեմբերի սկզբին Գրիգոլ Վաշաձեն կժամանի Երեւան:

Նույն օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել Խորվաթիայի, Սլովենիայի, Հունաստանի, Սիրիայի, Իրաքի արտգործնախարարների հետ: Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Դրուցկասը հանդիպման ժամանակ ընդունել է Հայաստան այցելելու հրավերը եւ տեղեկացրել, որ Երեւան կայցելի այս տարվա ընթացքում:

Էդվարդ Նալբանդյանը նաեւ մասնակցել է ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը եւ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ժամանած պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը:

Հայաստանի արտգործնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Պատրիսիա Օ’Բրայանին է հանձնել «Միջազգային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի` Հայաստանի կողմից վավերացման մասին փաստաթղթերը: