Արմեն Սմբատյանը այցելել է Բաքու

Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը այցելել է Բաքու։ Ադրբեջանական APA գործակալությունը հաղորդում է, որ նա մասնակցել է ադրբեջանցի հայտնի կոմպոզիտոր Ուզեիր Հաջիբեյլիի 125-ամյակին նվիրված երաժշտական փառատոնին։

Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիայում համերգ է տվել ԱՊՀ-ի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը` հանրահայտ երաժիշտ Վլադիմիր Սպիվակովի դիրիժորությամբ։ Սպիվակովը հիմա Մոսկվայի միջազգային երաժշտական տան նախագահն է։

Բաքու է ժամանել նաեւ մշակութային համագործակցության գծով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։ Համերգից առաջ նա ասել է, թե հպարտություն է զգում, որ հնարավորություն է ունեցել մասնակցելու Ուզեիր Հաջիբեյլիի 125-ամյակին նվիրված երաժշտական փառատոնին։

Համերգին ներկա են եղել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին եւ Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, որը հիմա ԱՊՀ-ի հումանիտար համագործակցության խորհրդի տնօրենն է:

Հինգշաբթի օրը երաժիշտները Բաքվից ուղիղ ժամանելու են Երեւան: Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին «Զվարթնոց» օդանավակայանից:

Հայաստանյան համերգներից հետո ԱՊՀ-ի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը մեկնելու է Կիեւ: