Սեպտեմբերի 23-ի մամուլ

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Երբ youtube-ում հայտնվեց զինվորների խոշտանգումը փաստող տեսագրությունը, ես ենթադրեցի, որ այդ հանցագործությունը կատարած «սպային» կփորձեն ազատել պատասխանատվությունից: Բարեբախտաբար, սխալվեցի: Հիմա էլ մտահոգությունս այն է, որ այդ ֆաշիստին կտան չափից դուրս մեղմ պատիժ: Իսկապես, ՀՀ Քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասով մեղադրանքը` պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով, մայոր Սասուն Գալստյանի հանցանքին կարծես թե չի համապատասխանում: Մասնագետները, իհարկե, պետք է ասեն իրենց խոսքը, բայց ուզում եմ հիշեցնել, որ, օրինակ, նույն օրենսգրքի 63 հոդվածը 11-րդ կետը, որպես պատիժը ծանրացնող հանգամանք, նախատեսում է «հանցանքն առանձին դաժանությամբ, տուժողին ծաղրուծանակի կամ տանջանքների ենթարկելով կատարելը»: Վստահ եմ, կգտնվեն այն հոդվածներ, որոնց հանրագումարով հնարավոր կլինի այս պաթոլոգիկ ուռոդին մի 10 տարով մեկուսացնել հասարակությունից: Ինչի՞ համար է դա պետք: Որպեսզի մենք` ծնողներս, վստահ լինենք, որ մեր երեխաները, բանակ զորակոչվելիս, նման սադիստների ձեռքը չեն ընկնի»:

«Հրապարակ»-ի խմբագրական եւս խորհրդածում է այս հարցի շուրջ եւ ընդհանրացնում. - «Մեր հասարակության գլխավոր արատը պայքարելու կամքի բացակայությունն է: Գուցե բացակայություն ասելը չափազանցություն է, բայց որ մենք պայքարել չենք սիրում, փաստ է: Մենք հեշտությամբ եւ առանց դույզն-ինչ ընդվզման հաշտվում ենք այն իրողության հետ, որ մեզ շահագործում են, վիրավորում, նվաստացնում: Օրինակների համար պետք չէ հեռուն գնալ: Ամենաթարմը youtube-ի պատմությունն է, երբ ամբողջ հանրության աչքի առաջ նվաստացված զինվորները պաշտպանում են իրենց նվաստացնողին: Նրանց կարծիքով` «նորմալ հրամանատարը» հենց այդպիսին է լինում: Այլ օրինակներ` ինչքան ուզեք»: Խմբագրականն այնուհետեւ շարունակում է. - «Պայքարելը մի տեսակ ընդունված չէ մեզանում: Համարվում է անիմաստ գործ. միեւնույն է` չես շահելու, միայն ներվերդ ես քայքայելու: Այնպես որ, երբ հանդիպում ես իր իրավունքների համար պայքարող մեկին, անկեղծ հիացմունք ես ապրում»:

«168 ժամ»-ին տված հարցազրույցում Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ասում է. - «Բանակի կարգապահության տեսակետից ես ավելի վտանգավոր եմ համարում ինքնասպանությունը, քան սպանությունը: Սպանությունը կարող է տեղի ունենալ, ասենք, իրադարձությունների արագ զարգացման դեպքում, պահի ազդեցության տակ, եւ սպան կարող է չնկատել այդ զարգացումը: Բայց ինքնասպանությունը միանգամից չի լինում, երկար ժամանակահատվածում է մարդը հասնում այդ մտքին: Ի՞նչ լուրջ պատճառ պետք է լինի, որ զինվորը դրան գնա: Սպայակազմի «բացակայությունն» է թույլ տալիս, որ զինվորն ինքնասպան լինի. այդպես է, եթե բանակում պատասխանատվության հարցը խիստ հիմքերի վրա չէ: Իմ ժամանակ ես ավելի խիստ էի պատժում հրամանատարական կազմին, եթե ինքնասպանություն էր եղել: Այսօր մեր բանակը լուծում է անվտանգության, պատերազմի չվերսկսման խնդիր: Մենք պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը, թույլ չտանք, որ նման դեպքերը կոծկվեն: Ամեն դեպքում այսօր բանակը մեր պետության լավագույն կառույցն է, այս բարդ իրավիճակում լուծում է իր առաջ դրված խնդիրները, ինչը մյուս գերատեսչությունները չեն անում»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Սեպտեմբերի 17-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանի նոր «ծրագրային ելույթը» թեեւ մի փոքր տարբերվում էր վերջին մեկ տարվա նրա կրավորական-քաղաքական կեցվածքից, այնուհանդերձ տեղավորվում էր կոնգրեսի նախընտրական ընդհանուր մարտավարության համատեքստում։ Քաղաքական հեռանկարը կորցրած եւ մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրությունները «ժամանակ ձգող» Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա քաղաքական թիմը այս անգամ ճգնում էին հանդես գալ ավելի արմատական դիրքերից, հնարավորինս «ջրել» ՀՀՇ համագումարում իրենց առաջնորդի արտահայտած տեսակետների խոցելի կողմերը։ Այդ նպատակով Տեր-Պետրոսյանը իր հայտնի դատողությունները հայաստանյան հասարակության կողմից վատ ընդունվելու փաստը փորձեց սաղացնել «իշխանական քարոզչամեքենայի» վրա, որի «նենգափոխումներն» են իբր պատճառ դարձել, որ այդ ելույթը մատուցվի որպես Ղարաբաղը հանձնելու առաջարկ»։

«Կապիտալ»-ը գրում է. - «Հայաստանի կաթնամթերքի առանձին ապրանքային շուկաներում տեղի է ունեցել կառուցվածքային փոփոխություն եւ կետրոնացվածության ավելացում։ Կաթնամթերքի երեք ապրանքատեսակների շուկայում «Աշտարակ կաթ» ընկերությունը զիջել է իր դիրքերը: «Ալեքս Գրիգը» եւ «Նատալի ֆարմը» մանկական կերերի երկու ապրանքային շուկաներ կենտրոնացրել են իրենց ձեռքում, իսկ «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությունը մանկական կերերի շուկայում այլևս գերիշխող չէ»։