Թուրքիայի նախագահը շնորհավորում է Հայաստանի Անկախության տոնը

Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին ընդարձակ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, իր ուղերձում Թուրքիայի նախագահը, մասնավորապես, կարեւորել է տարածաշրջանում հակամարտությունների լուծումը, ինչը թույլ կտա հասնել քաղաքակիրթ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը:

Աբդուլա Գյուլը անդրադարձել է անցած տարի կնքված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրություններին` հույս հայտնելով, որ դրանք հիմք կծառայեն հետագա հարաբերությունների համար:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` շնորհավորական ուղերձներ են ստացվել նաեւ Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավից, Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Հոսնի Մուբարաքից, Սերբիայի նախագահ Բորիս Տադիչից, Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյտարդից, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայից: